«Նիկոլ իջի» և «Քայլ արա ջուր տուր» բացականչություններով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց բողոքում են ոռոգման ջրի խնդրից: Նրանք պնդում են, որ 15 օր է՝ ջուր չի եղել, և չեն կարողացել ոռոգել իրենց հողատարածքները:
Քաղցրաշենցիները նաև պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ գնա իրենց համայնք և տեղում ծանոթանա խնդրին։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս, ասում են՝ պայմանագիր չունեք, ջուր չենք տալիս: Մինչդեռ բնակիչները հակադարձում են, որ եթե պայմանագիր չունեին, ապա այսքան ժամանակ ինչո՞ւ էին ջուր տալիս իրենց:
«Վարչապետը չի կարո՞ղ երկու րոպեով դուրս գալ սենյակից և խոսել մեր հետ, հարցնել՝ ինչ է եղել: Էդքան զբաղվա՞ծ է: Դաշտից սոված եկել ենք էստեղ, խիղճներդ մեռնի»,- ասաց քաղցրաշենցիներից մեկը:
Ակցիայի մասնակիցները պնդում են՝ տասնյակ պաշտոնյաններ են անցել իրենց կողքով, բայց իրենց ուշադրություն չեն դարձրել: