Բախում է տեղի ունեցել, բայց միմյանց չեն հարվածել, բախումը միակողմանի է եղել և այն քաղաքացիների կողմից է եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցեւմ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Իջանում երեկ տեղի ունեցած անկարգություններին։ 

«Երեկ մի խումբ քաղաքացիներ օրվա ցերեկային ժամերին, մոտ 5- 6 անգամ փակեցին ճանապարհները և ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհները բացվեցին։ Իսկ երեկոյան արդեն այդ քաղաքացիների թիվը հասել էր մոտ 500-600-ի և հրաժարվել են կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, կտրականապես հրաժարվել են բացել Երևան-Իջևան-Նոյեմբերյան տանող ճանապարհը և իմ մկողմից որոշում կայացվեց, որպեսզի օրենքի սահմաններում շղթա կազմեն և քաղաքացիներին բացատրեն և ստիպեն, որպեսզի նրանք ազատեն այդ հատվածը։ Սակայն ծառայողների օրինական պահանջներին նրանք դիմադրեցին մահակներով, որի հետևանքով 12 ոստիկան մարմնական վնասվածքներ ստացան և տեղափոխվեցին Իջևանի բուժհաստատություն»,-ասաց Օսիպյանը։ 

Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալը՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի ենթարկվել։

Հարցին, թե քրեական գործ հարուցվա՞ծ է, Օսիպյանը պատասխանեց, որ, այո, հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով, կա 19 բերման ենթարկված։

«Մենք հանդուրժող չենք լինելու և անթույլատրելի եմ համարում նման ոճով խոսել։ Երկար տարիներ իրենք սովոր էին եղել ոչնչացնել անտառը և անօրինական զբաղվել են այդ անտառի առքուվաճառքով։ Մենք թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն ոստիկանության և պետության հետ և իրենք թելադրեն հետագան ոնց անեն և ինչ անեն»,-ասաց Օսիպյանը։