Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում էր ՀՀԿ անդամ, կուսակցության երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը, փակվում է․ նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկի կից փաստաթղթերից։
Կառավարության այդ որոշմամբ՝ բյուջեից գումար է հատկացվելու հիմնադրամի ընթացիկ աշխատանքները ավարտելու և լուծարելու համար։ Հիմնադրամն իր բնականոն գործունեությունը (6 ամսվա համար) և լուծարման գործընթացը նախնական հաշվարկով սեպտեմբերի 1-ին ավարտելու համար ներկայացրել է նախահաշիվ (8 ամսվա համար):
«Համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի 9 ամսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամին անհրաժեշտ կլինի 54 մլն 509 հազար դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերը, արձակման նպաստները, վերջնահաշվարկները, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով»,- ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ։