Այսօր՝ հունիսի 25-ին, տեղի է ունենում Սյունիքի մարզի «Գորիս ԲԿ» տնօրենի մրցույթը:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց այս պահին մրցույթին ներկա գտնվող ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ, ով նշեց, որ մրցույթը դեռ ընթացքի մեջ է, և մասնակիցներն արդեն հաղթահարել են առաջին փուլը:
Վերջինս նշեց նաև, որ այսօր վերջնական ամփոփումը կլինի, բայց հաղթողը հնարավոր է դեռ պարզ չլինի, քանի որ հավասար միավորների դեպքում 3 օրվա ընթացքում հավասար միավորներ ունեցող մասնակիցներից մեկի հետ կնքվում է պայմանագիր, տնօրենը նշանակվում է մարզպետի կողմից:
Այն հարցին, թե արդյոք տարածված լուրերի համաձայն՝ ինքը և իր գործընկեր Արմեն Խաչատրյանը միջամտել են «Գորիս ԲԿ»-ի տնօրենի այսօրվա կայանալիք մրցույթին թեկնածուներից մեկի՝ Սլավիկ Ամիրյանի օգտին, Զեյնալյանը հերքեց.
«Հակառակը, մենք եկել ենք այստեղ, որ արդար ընտրություններ լինի, և այսուհետ ես՝ որպես առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, եթե որևիցե տեղում լինի ԲԿ-ի տնօրենների մրցույթ, այցելելու ենք տվյալ տարածաշրջան և ներկա ենք գտնվելու մրցույթին, որպեսզի տարբեր խոսակցությունների տեղիք չտրվի թե՛ մասնակիցների կողմից, թե՛ բնակչության կողմից, ինձ համար բացարձակ մեկ է, թե ով կընտրվի, անձամբ ես մասնակիցներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում»: