BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ BBC-ի ձեռքում են հայտնվել Մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթղեր, որոնք փաստում են՝ ցուցարաների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։ Հոդվածից հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

 

BBC-ի ձեռքում են հայտնվել  Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի քննչական փաստաթղթերը. 2008-ի մարտի 1-ի բողոքի ցույցերի ընթացքում Երևանում տասը մարդու մահվան դեպքը։

Հետաքննությունը գտնում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման է տվել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի):

 

Բացի այդ,  BBC-ի տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ գործարար պատգամավորներ։

2008-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ նոր հետաքննությունը արդեն իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հիմքում է:

Հետաքննությունը հսկայական քաղաքական նշանակություն ունի և կարող է էապես փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը:

Զոհերի հարազատները նույնպես սպասում են հետաքննության արդյունքներին: Այնուամենայնիվ, գործը նաև անվանում են ընտրովի արդարադատության օրինակ:

 

Քննության նյութերից իմանում ենք, որ քննիչները կարծում են.

  • Ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան անվտանգության ուժերը՝ հրամանատար գեներալ Կարապետյանի գլխավորությամբ /  (այժմ Մարտի 1-ի գործով հանդես է գալիս վկայի կարգավիճակում),
  • Հարցաքննությունների ընթացքում քննիչները պնդում էին, որ նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում [Բաղրամյան 26],
  • Հետաքննությունը կարծում է, որ ստորաբաժանմանն այցելել են գործող և նորընտիր նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
  • Քննիչները նաև հաստատում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք հնարավոր է՝ ֆինանսավորել են ցույցի ցրման օրերին Երևանում Ղարաբաղի անվտանգության ուժերի կացությունը:

Հայաստանի և Ղարաբաղի աղբյուրները BBC-ին հաստատեցին որոշ հարցաքննությունների ընթացքում քննիչների կողմից արված պնդումները: Սակայն մենք չկարողացանք անկախ հաստատում ստանալ ցուցարարների սպանության բոլոր հանգամանքների վերաբերյալ:

 

Գեներալ-մայոր Կարապետյանը ծառայել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պաշտպանական բանակում։ 

Նոր քննչական գործողություն իրականացնող Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը անմիջականորեն ենթարկվում է վարչապետին:

ՀՔԾ-ն հրաժարվել է մեկնաբանություններ տալ։

Կարապետյանը չցանկացավ BBC- ի հետ քննարկել իր դեմ առաջադրված մեղադրանքները:

 

Գործարարներ Ծառուկյանն ու Ալեքսանյանը հերքեցին 2008 թ. իրադարձություններում իրենց ունեցած դերի մասին պնդումները: 

Քոչարյանի փաստաբանը չկարողացավ օպերատիվ կերպով մեկնաբանություն տրամադրել։

Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալուց։ 

Ով է ղեկավարել հրաձգությունը

Հարցաքննության ընթացքում քննիչները պնդում էին, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (նաև հայտնի որպես Օգանովսկի) ղեկավարել է ցուցարարների ուղղությամբ հրաձգությունը:

2008-ին Կարապետյանը ղեկավարում էր Երևան բերված ղարաբաղյան ստորաբաժանումները: Նա այս փաստը հաստատեց 2018-ի օգոստոսի 15-ին հարցաքննության ընթացքում, որտեղ նրան կանչել էին վկայի կարգավիճակով:

 

Հարցաքննությունը տևել էր չորս ժամ, BBC-ի տրամադրության տակ կա արձանագրության պատճենը: Հարցաքննության պահին նա զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը և պաշտոնից հեռացել է 2019թ. ապրիլին:

Այնուամենայնիվ, ՀՔԾ-ի և գեներալի տարբերակները իրար հակասում են։ 

Ըստ հետաքննության՝ Կարապետյանը իր ենթականերից կազմել էր 20 հոգուց բաղկացած հատուկ խումբ, որը տեղակայվել էր Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահի նստավայրի նկուղում:

Այնտեղ, խմբի անդամներին «մի քանի անգամ այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նորընտիր նախագահ վարչապետ Սերժ Սարգսյանը»,- պնդել է քննիչը Կարապետյանի հարցաքննության ընթացքում:

 

Խմբի բոլոր անդամները պատրաստակամություն են հայտնել հրամանի դեպքում «կրակել ժողովրդի վրա»,  և հենց այս խումբն է ցուցարարներին կրակել Մարտի 1-ին, ըստ հետաքննության:

Հարցաքննության ընթացքում Կարապետյանը ժխտել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ «ոչ ոք հրաման չի տվել մարդկանց կրակել»: Գեներալը քչախոս է եղել և սահմանափակվել միավանկ հերքումներով:

Կարապետյանին ուղղված նման մեղադրանքներ հնչեցին նաև մի քանի վկաների հարցաքննության ընթացքում: Նրանք չկարողացան հաստատել կամ հերքել տեղեկատվությունը Մարտի 1-ի ողբերգության մեջ նրա ունեցած դերի մասին:

 

Ի պատասխան BBC-ի հարցման՝ Կարապետյանը էլեկտրոնային նամակով գրել է, որ «նշված հարցերի վերաբերյալ արդեն իսկ համապատասխան մարմիններին պարզաբանումներ է տվել»:

«Ես նրանց վերադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է գեներալը:

ՀՔԾ-ն չի մեկնաբանել BBC-ի ստացած փաստաթղթերը՝ մերժումը պատճառաբանելով «նախաքննության շահերից ելնելով»:

ՀՔԾ-ն երկու անգամ հարցաքննել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ 2019-ի փետրվարի 1-ին և 6-ին, երկու անգամ էլ որպես վկա, ըստ BBC-ի ստացած փաստաթղթերի:

 

Թարգմանությունը՝ civilnet.am-ի։