Վարչապետ Փաշինյանը օգոստոսի 19-ի առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Վլադիմիր Կարապետյանը նաև հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին մեկ այլ քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
«Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց»,- գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը: