ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը պարզաբանել է, թե որոնք են գործազուրկների և պաշտոնապես գրանցված գործազուրկների վերաբերյալ ցուցանիշների մեթոդաբանական տարբերությունները: Անդրադառնալով հարցին՝ օրերս գործազրկության վերաբերյալ թվեր են հրապարակվել և ԶԼՄ-ներում հարցադրումներ են արվում, թե ինչու են վարչապետն ու վիճակագիրները տարբեր թվեր հրապարակում, պատասխանեց. «ԶԼՄ-ներում օգտագործված թվերը տարբեր են, որովհետև օգտագործվել են տարբեր ցուցանիշներ՝ «գործազուրկներ» և «պաշտոնապես գրանցված գործազուրկներ», որոնք էապես տարբերվում են»:

Լուսինե Քալանթարյանը պարզաբանեց այդ տարբերությունները.

«Առաջին ցուցանիշն արտացոլում է երկրի ողջ աշխատաշուկայում գործազուրկների թվաքանակը և հիմք է հանդիսանում գործազրկության մակարդակի ցուցանիշի հաշվարկի համար՝ ՄԱԿ-ի անդամ երկրների համար երաշխավորված մեթոդաբանությամբ, իսկ երկրորդը՝ ՀՀ Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկների, այլ կերպ ասած՝ վարչական լիազոր մարմնում պաշտոնապես գրանցված, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված, պետության կողմից պաշտոնապես գործազուրկ ճանաչվածների թվաքանակը: Այնուհանդերձ, պետք է նշեմ, որ աշխատանքի շուկայի հիմնական վիճակագրության լավագույն աղբյուրը միջազգայնորեն համարվում է աշխատուժի հետազոտությունը, ինչի միջոցով էլ Վիճակագրական կոմիտեն ստանում է տվյալներ հանրությանն առավել հայտնի զբաղվածության, գործազրկության և երկրի աշխատանքի շուկան բնութագրող այլ ստանդարտ ցուցանիշների մասին:

Նշեմ, որ հետազոտության ողջ գործիքակազմը հիմնականում համապա­տաս­խանում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և Եվրոստատի կողմից առաջարկվող սահմանում­ներին ու դրույթներին, որոնք հնարավո­րինս տեղայնացվել են ըստ ազգային առանձնահատկութ­յունների: Ըստ այդ մեթոդաբանության՝ գործազուրկ համարվում է 15-75 տարեկան անձը, ով հետազոտությանը նախորդող վերջին 4 շաբաթվա ընթացքում միաժամանակ բավարարել է հետևյալ երեք պայմաններին՝ չի ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, ակտիվորեն փնտրել է աշխատանք' օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն' դիմել է զբաղվածության պետական և (կամ) մասնավոր ծառայություն, աշխատանք է փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով, պատրաստ է եղել անմիջապես անցնել աշխատանքի:

Ինչ վերաբերում է պաշտոնապես գրանցված գործազուրկների օրենքով սահմանված կարգով կիրառվող վարչական բնույթի հարաբերությունները կարգավորող սահմանմանը, ապա Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկ են համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած' աշխատանք փնտրող և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձինք, ովքեր աշխատանք գտնելու նպատակով հաշվառված են Զբաղվածության պետական գործակալությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Ինչպես նկատում ենք, գործակալության կողմից պաշտոնապես գրանցված գործազուրկների շրջանակը սահմանափակվում է միայն այն անձանցով, ովքեր աշխատանք գտնելու նպատակով դիմել են պետական մարմնին, իսկ ԱՄԿ մեթոդաբանությամբ կիրառական է ակտիվորեն աշխատանք փնտրելու ցանկացած միջոց և զբաղվածության պետական և «կամ» մասնավոր ծառայության, ծանոթների, բարեկամների հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով աշխատանք փնտրելը:

Հարցին՝ ներկայացված պարզաբանումները հասանելի՞ են բոլորին: Եթե այո՝ որտե՞ղ կարելի է գտնել դրանք, Քալանթարյանը պատասխանեց.

«Որպես հիմնական աղբյուր, թերևս, նշեմ «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում» տարեկան թեմատիկ ժողովածուի վերջին՝ 2018թ., թողարկման 6-7-րդ էջերը, https://www.armstat.am/file/article/trud_18_02.pdf, իսկ որպես ընթացիկ օպերատիվ աղբյուր՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-հունիսին» տեղեկատվական-ամսական զեկույցի 72-92-րդ էջերը, տե՛ս https://www.armstat.am/file/article/sv_06_19a_141.pdf, որտեղ հրապարակված են վերը հիշատակված երկու տարբեր ցուցանիշներն էլ. առաջինը՝ «1.4.1.1. Զբաղվածության ցուցանիշների գնահատումն ըստ աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքների» 2019թ. առաջին եռամսյակի տվյալներով և երկրորդը՝ «1.4.1.2. Գործազրկության ցուցանիշներն ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալների» 2019թ. առաջին կիսամայակի տվյալներով: Այդ երկու ցուցանիշների մեթոդաբանական պարզաբանումներն զետեղված են նույն զեկույցի 325-329-րդ էջերում, տե՛ս https://www.armstat.am/file/article/sv_06_19a_6300.pdf»:

Վիճակագրական կոմիտեի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը զրույցում մեկնաբանել է պնդումները, որ Վիճակագրական կոմիտեն մեկ տարուց ավել է, ինչ չի հրապարակում միգրացիայի և սահմանահատումների ցուցանիշները և վերլուծաբանները ստիպված են օգտվել այլ երկրների այն ցուցանիշներից, որոնք վերաբերում են Հայաստանին:

«Իհարկե, այդպես չէ: Ժողովրդագրական ցուցանիշները, այդ թվում Ձեր կողմից հիշատակված՝ ըստ վիճակագրական ծրագրի և տվյալների տարածման օրացույցների, հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ և հասանելի են բոլորին: Այսպես, Վիճակագրական կոմիտեն միգրացիայի և սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է սպառողներին՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցի՝ հունվար-մարտի, հունվար-հունիսի, հունվար-սեպտեմբերի, հունվար-դեկտեմբերի հրապարակումների, «5.2. Ժողովրդագրական իրավիճակը» խորագրով հատվածում: Վերջինը հրապարակվել է 2019թ. հունվար-հունիսի զեկույցում, տես՝ https://www.armstat.am/file/article/sv_06_19a_520.pdf: Ընդ որում, հիշյալ հրապարակման հավելված 3-ում ներկայացված են նաև համապատասխան մեթոդաբանական պարզաբանումներ, տես՝ https://www.armstat.am/file/article/sv_06_19a_6300.pdf: Իսկ միգրացիայի և սահմանահատումների տարեկան ամփոփված ու մանրամասնեցված տվյալները զետեղված են «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու», հրապարակման Մաս 7-ում, «Միգրացիա» խորագրի ներքո: Վերջին՝ 2018թ. հրապարակման մանրամասները, այդ թվում մեթոդաբանական պարզաբանումները, տես՝ https://www.armstat.am/file/article/demog_2018_7.pdf»: