ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի համաձայնվել G7 երկրների առաջնորդների որոշման հետ՝ Ամազոնիայում անտառային հրդեհների մարման գործում որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնելու մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Գարեթ Մարկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այդ հրդեհների դեմ պայքարում Բրազիլիայի ջանքերին եւ չի համաձայնվել G7-ի համատեղ նախաձեռնությանը, որը հաշվի չի առել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ այդ թեմայով քննարկումները»,- հայտարարությունից մեջբերում է կատարել CNN հեռուստաալիքը: «Սատարելու ավելի կառուցողական միջոց կլիներ Բրազիլիայի կառավարության հետ գործողությունների համակարգումը»,- հավելել է Մարկին:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Բոլսոնարուն «եռանդով աշխատում է հրդեհների մարման գործում եւ բոլոր առումներով Բրազիլիայի բնակիչների համար գերազանց աշխատանք է կատարում»: Սպիտակ տան տիրոջ խոսքով՝ Բրազիլիայի նախագահը եւ նրա երկիրը «օգտվում են ԱՄՆ լիակատար աջակցությունից»:
Ըստ Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների ՝ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի անտառների ավելի քան 1,8 միլիոն հեկտարը, որոնք տեղակայված են Բրազիլիայում: Կրակի տարածման ֆոնին բրազիլական հանրության շրջանում սկսել են քննադատություններ հնչել՝ ուղղված Բոլսոնարուին եւ նրա կառավարությանը: Ընդդիմախոսների խոսքով՝ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ հրդեհների մի մասը պայմանավորված է բնական սեզոնային պատճառներով, մինչդեռ մյուս մասը դիտավորյալ հրկիզումների հետեւանք է:
G7 երկրների առաջնորդները երկուշաբթի հրդեհների չեզոքացման համար որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնելու որոշում էին ընդունել: Սակայն Բոլսոնարուի քաղաքացիական գրասենյակի ղեկավար Օնիկս Լորենցոնին հայտարարել էր, որ Բրազիլիայի իշխանությունները այդ միջոցներից կհրաժարվեն: Նրա կարծիքով՝ Բրազիլիան կարող է «ցանկացած երկրի» սովորեցնել, թե անտառներն ինչպես պահպանեն: Երեքշաբթի Բրազիլիայի նախագահը հստակեցրել էր, որ կարող էր քննարկել այդպիսի օգնության ընդունման հնարավորությունը միայն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվի իրեն ուղղած ստելու մեղադրանքներից: