Շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար։ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ։ Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով: Քաղաքապետարանի սրտով չեն հատկապես բարձրահարկ շենքերը, պատճառաբանությունն էլ այն է՝ Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքի կառուցումը սեյսմակայունության տեսանկյունից ցանկալի չէ:

 

Սակայն հետաքրքիր է, որ քաղաքային իշխանությունները նույնչափ սկբզունքային չեն, օրինակ՝ Երևանի կենտրոնում 70 հարկանի երկնաքերի կառուցման հարցում: Այս ծրագիրը ընդամենը նախագիծ է, սակայն, հետաքրքիր է, արդյո՞ք այս դեպքում էլ քաղաքապետարանը նույնչափ սկզբունքային կգտնվի և կարգելի շենքի կառուցումը՝ պատճառաբանելով սեյսմակայունությամբ: Քաղաքապետարանը և հատկապես Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ամեն ինչ անում են, որ բիզնես ծրագիր իրագործելը Երևանում դառնա ոչ շահավետ և անհետաքրքիր: Դա միտում է, գծված քաղաքականություն, թե պրոֆեսիոնալիզմի պակաս՝ դժվար է ասել, սակայն փաստ է, որ ներդրողներն արդեն իսկ խուսափում են մայրաքաղաքում որևէ լուրջ շինարարություն նախաձեռնել՝ քաջ գիտակցելով, թե ինչ բյուրոկրատական քաշքշուկների մեջ կարող են հայտնվել քաղաքական իշխանությունների պատճառով:

Մյուս կողմից, իշխանությունները վերջին շրջանում հաճախ են գլուխ գովում, որ բարձրացել է անշարժ գույքի գինը: Դա տրամաբանական է, եթե հաշվի ենք առնում քաղաքային իշխանությունների վարած քաղաքականությունը, եթե չեն կառուցվում շենքեր, եթե չեն կառուցվում օֆիսային տարածքներ, ապա ավելի քան բնական է, որ անշարժ գույքի գները պետք է բարձրանան, այլ հարց է, թե ինչ դրական բան են այդ գործընթացում տեսնում իշխանությունները…