Կիպրոսի Լառնակա օդանավակայանից Երևան թռիչքի հետաձգման պատճառը եղել է տեխնիկական խնդիրը, որը նախապես կանխատեսել հնարավոր չի եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Սպուտնիկ» տուրիստական ընկերության մենեջեր Տոմա Ակլունցը:
Նա նշեց, որ թռիչքի հետաձգման հետևանքով Կիպրոսի օդանավակայանում մնացել է 130 ուղևոր. «Թռիչքը պետք է տեղի ունենար Կիպրոսի ժամանակով 16:30-ին, բայց 8 ժամով հետաձգվեց և արդեն մեր ժամանակով 3:10-ին օդանավն իջավ: Թռիչքի հետաձգման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել, որի մասին մեզ երեկ հայտնել է ավիափոխադրողը, և մենք հենց այդ պահից սկսել ենք տեղեկացնել բոլոր ուղևորներին: Նման դեպքերում, սովորաբար, 6-7 ժամ հետո սնունդ և ջուր է տրամադրվում ուղևորներին, բայց մենք դա արել ենք 3-4 ժամ հետո, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրերով ենք ապահովվել: Թե՛ Երևանից, թե՛ Կիպրոսից մեկնող ուղևորներին 2 անգամ վաուչերներ են բաժանվել, որով կարողացել են սնունդ և ջուր գնել»,- ասաց «Սպուտնիկ» տուրիստական ընկերության մենեջերը:
Ավելի վաղ, ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Մնացականյանը իր էջում գրել էր, որ Կիպրոսից մեկնող ուղևորները հայտնվել են խայտառակ վիճակում. «Ապուշ վիճակ Լարնակա Երևան չվերթը, որ պետք է արդեն Հայաստան հասած լիներ, մարդիկ անտերուդուս օդանավակայանում նստած են ու պարզ չի, թե երբ կլինի թռիչքը: Անպատասխանատուներ, ստախոսներ արդեն քանի՞ 3 ժամ պետք է անցնի»,- գրել էր նա:
Չարթերային թռիչք իրականացնող ընկերությունն, ըստ ուղևորների, չի արձագանքելզանգերին և չի տեղեկացրել՝ երբ է գնալու ինքնաթիռը, ու թեև ընկերությունը խոստացել է 3 ժամ անց կատարել ուղևորափոխադրումը, սակայն այն կատարվել է շատ ավելի ուշ՝ 8 ժամ անց:
Նշենք, որ սա այս տուրիստական ընկերության հետ կապված առաջին աղմկոտ դեպքը չէ: Գրեթե մեկ ամիս առաջ «Ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Սպուտնիկ» տուրիստական գործակալության սեփականատիրոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ գործակալությունում հայտնաբերված առանձնապես խոշոր չափի չարաշահումների հիմքով: Սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը հերքել էր ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, որ իր աներոջ` «Սպուտնիկ» զբոսաշրջային գործակալության սեփականատեր Սուրեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ գործակալության հետ կապված ոչ մի քրեական գործ իրենց վարույթում չկա։
Սոնա Հարությունյան