Ապացուցված է, որ ամռանը տեղի ունեցած մեծ թվով հրդեհներից մի քանի դեպք եղել է դիտավորության արդյունք:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռանը տեղի ունեցած այդքան մեծ թվով հրդեհներն ինչի արդյունք են:

«Ընդհանրապես դա կապում եմ մարդկային գործոնի հետ, 90 տոկոսից ավելին մարդկային գործոնն է: Ունենք նաև դեպքեր, որոնք, ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով հիմա դատախազությունում քրեական գործեր կան»,- ասաց Ցոլակյանն ու նշեց, որ երեք դեպքերը խոշոր չեն եղել, եղել են համեմատաբար փոքր դեպքեր:

Նախարարը  չկարողացավ ասել, թե դրդապատճառները որոնք են եղել. դա պետք է պարզվի քննության ընթացքում: Ցոլակյանը նշեց՝ հրդեհների համար բացի մարդածինից եղել են նաև այլ պատճառներ, օրինակ՝ կայծակը:

 

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի զբոսայգում օգոստոսին բռնկված հրդեհի դեպքին՝ Ցոլակյանը նշեց՝ դիտավորություն չի տեսել, անզգուշության արդյունք է: