Պետական վերահսկողական ծառայությունն Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկով կառույցում ուսումնասիրություն է կատարում: Նախարարը ցանկանում է ապացուցել, որ նախկին աշխատակիցների բողոքները, թե ԱԻՆ-ում խախտումներ կան տարբեր ուղղություններով, անհիմն են: Ցոլակյանն այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես եմ խնդրել վարչապետին, որ մեզ մոտ ստուգումներ իրականացնեն: Աշխատանքից ազատել են մարդկանց կամ մարդու, որը բողոքել է, թե իբր նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: Եվ դրա հիման վրա ես խնդրել եմ, որ գան ստուգեն, պարզեն` եթե կան խախտումներ, պատժեն»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց` խոսակցությունները սկսվել են Փրկարար ծառայության տնօրենին պաշտոնից ազատելուց հետո:

Ցոլակյանի խոսքով` Փրկարար ծառայության ազատված ղեկավարը թերացել է, անտառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, Հայաստանում չի եղել: Նախարարը նշեց` 6500 հոգուց բաղկացած կոլեկտիվում 9 հոգի է ընդամենը ստորագրել այն փաստաթղթի տակ, թե  համակարգում խախտումներ կան: Ցոլակյանի համոզմամբ` աշխատակիցները գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններ են լինելու, և ստորագրողների մեծ մասը կամ պետք է դուրս գային, կամ պետք է նրանց պաշտոնն իջեցվեր, դրա համար, նախօրոք դա մտածելով,  արել են այդ բանը:

 

Նա շեշտեց` ինքն այդ կառույցում աշխատող բարեկամ, հարազատ չունի: Նախարարը նշեց` հարազատներն իրեն դիմում են, սակայն ինքը որևէ մեկին չի ընդունել աշխատանքի: «Ես ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ, որոնք աշխատանքի անցնելուց հետո բավականին մեծ փոփոխություն են կատարել համակարգում, և որոնց աշխատանքը ես գնահատում եմ շատ բարձր»,-նշեց նա:

ՊՎԾ-ի ուսումնասիրությունները կառույցում դեռ շարունակվում են: Նախարարը շեշտեց` ասել է բոլոր պահանջվող փաստաթղթերը տրամադրել: Նրա համոզմամբ` չի կարող հայտնաբերվել որևէ ֆինանսական խախտում: