Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել:
Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևություններ են արվել ավտովթարից հետո, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն, որովհետև միշտ էլ ասել է, որ մարդատար տրանսպորտային միջոցները պետք է անպայման ապահովված լինեն կրակմարիչներով, որոնք պետք է օգտագործեն հենց առաջին պահին:
ՀՀ ԱԻ նախարարը նաև կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի հասարակական տրանսպորտային միջոցները որպես վառելիք դիզելն օգտագործեն, ոչ թե գազը:
«Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք պետք է օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները: Երևի ճիշտ կլինի, որ օգտագործեն ոչ թե գազ, այլ դիզել, որը ոչ մի բռնկում չի առաջացնի: Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի մենք կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից»,- ասաց Ցոլակյանը:
Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում' Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:
Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
Ն.Ա.-ն և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ս.Հ.-ն, Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ' սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ: