«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

- Պարոն Ցոլակյան, դժվար չէ՞ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը: Մարզկենտրոն Գյումրին բավականին մեծ խնդիրներ ունի, երկրաշարժի հետևանքները դեռ կան, աղքատությունը մեծ է, բնակչության գերակշիռ մասն էլ ընդդիմադիր հայացքներ ունի և դժգոհ է իշխանություններից: Նման պայմաններում մտավախություններ չունե՞ք:

- Վախենալու բան չկա, բայց դժվարություններ կան: Բնականաբար, կփորձենք հաղթահարել, հո ձեռներս չենք ծալի ու նայենք, թե ինչ պիտի լինի: Պիտի աշխատենք, որ կարողանանք խնդիրները կարգավորել, հոգսերը թեթևացնել: Ասելու բան էլ դեռ չկա, բայց գիտեմ, որ շատ աշխատանք կա: Ընթացքում կերևա: Երբ գնամ, կհասկանամ, թե ինչն է առաջնայինը, ինչն է երկրորդականը: Ես դեռ աշխատանքի վայր չեմ էլ ներկայացել: Պետք է խորքից տեսնեմ, պետք է ծանոթանամ իրավիճակին, հասկանամ, թե ինչից սկսենք: Հիմա մի քիչ վերացական կլինի, որ ասեմ, թե ինչից կսկսենք:

- Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց, որովհետև նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտություն էր կրել: Գյումրիում ուժեղ կառույցներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ անդամ է: Դուք թեև Հանրապետական կուսակցության անդամ չեք, բայց Ձեր վրա ՀՀԿ-ի կառույցներն ուժեղացնելու կամ կուսակցական այլ պարտականություններ չե՞ն դրել:

- Չէ, չէ, նման բան չկա: Բացի այդ, ինձ համար այդքան մեծ նշանակություն չունի, թե ով որ կուսակցությունից է: Ինձ համար ավելի կարևոր է մարդու աշխատելը, աշխատելու ոճը, աշխատանքի ձգտումը, ժողովրդի կողմից ընդունված լինելը: Աշխատող մարդ է պետք, մնացածն ինձ չի հետաքրքրում:

- Որոշ ժամանակ հետո, եթե Ձեզ առաջարկեն մտնել ՀՀԿ, կմերժե՞ք, ինչպես հայտարարել եք:

- Առայժմ չկա նման խնդիր: Ես արդեն մի քանի անգամ պատասխանել եմ այդ հարցին: Այդպես էլ կլինի:

- Բայց ՀՀԿ-ն, երբ առաջարկում է անդամակցել, դիմադրելը դժվար է լինում, և հիմնականում անկուսակցական պաշտոնյաները կարճ ժամանակ հետո անդամակցում են:

- Ինչ պետք է անեն, կարող է խփե՞ն: Հո չեն ծեծելու: Կուսակցության անդամագրվելն էլ է նորմալ: Եկեք չսրենք, էլի, առանց այդ էլ ամեն ինչ սրված է: Այնքան կրիմինալ ասեցին, որ մարդ մտածում է, թե սա ինչ բան է, կարող է ես տեղյակ չեմ:

- Գյումրիում ավելի հաճախ, քան այլ քաղաքներում հանցագործություններ, կրակոցներ շատ են լինում: Կարծիք կա, որ այնտեղ շատ «գողականներ» կան: Ինչպե՞ս պետք է այդքան բարդ իրավիճակում աշխատեք:

- Վերցրեք ոստիկանության վիճակագրությունը, և համեմատեք, թե անցած տարի Գյումրիում որքան հանցագործություններ են կատարվել, մյուս քաղաքներում ինչքան են կատարվել: Դա համեմատեք բնակչության թվի հետ: Ես դեմ եմ այն կարծիքին, որ այնտեղ ավելի վատ է, որ Սիցիլիա է, այդպիսի բան չկա: Իհարկե, խնդիրներ կլինեն, մեծ քաղաք է: Շատ հարցեր կան, որ պետք է տեղում լուծվեն, որ այդքան քննարկումների տեղիք տան: Կամ՝ այդ «գողական-մողականն» ինչ կապ ունի մարզպետի աշխատանքի հետ, դա մի փոքր այլ բնույթի աշխատանք է: Դրա համար կան համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են այդ հարցերով:

- Մարզի ղեկավար եք լինելու և բնականաբար կցանկանաք հանդարտություն պահել: Չի կարող Ձեր աշխատանքի հետ չառնչվել:

- Այո, այնքանով առնչություն կունենա, որ հանդարտություն պահելու համար, մարդկանց հաշտ պահելու համար, բնական է, մարզպետը մեծ դեր կարող է ունենալ: Ես էլ դրան ձգտելու եմ:

- Ձեզ, երբ այդ պաշտոնին նշանակել են, հավանաբար մեծ ակնկալիք են ունեցել, որ կկարողանաք մեղմել գյումրեցիների դժգոհությունը իշխանությունների նկատմամբ:

- Բնական է, եթե ակնկալիքը մեծ է լինում, պարտավորությունն էլ մեծ է լինում: Դե պիտի գնամ ու սկսեմ աշխատել, ինչ ասեմ:

- Ձեր կարծիքով' Շիրակում ինչո՞ւ իրար հետևից մարզպետ են նշանակում ուժային կառույցի պաշտոնյայի:

- Այլ տեղերում էլ կան ուժային կառույցի պաշտոնյաներ: Գյումրիի վերջին երկու մարզպետների դեպքում զուտ համընկել է, մինչև այդ էլ այլ բնագավառի աշխատող են եղել: Դրանից առաջ 4 մարզպետ ուժային կառույցից չեն եղել: Եվ այդտեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա: Իսկ ես մինչ այդ քաղաքացիական տարբեր աշխատանքների եմ եղել: Հարկային ծառայության ղեկավար եմ եղել, վերահսկողական ծառայության ղեկավար եմ եղել, գործկոմի նախագահի տեղակալ եմ եղել, և վերջապես' մանկավարժ եմ աշխատել: Թե չէ հատուկ նպատակային չեն ուժային կառույցից նշանակում: Հավանաբար մարդկային գործոնն են հաշվի առել:

- Հավանաբար տեղյակ եք, որ Գյումրիում արտագաղթն էլ է մեծ, աղքատությունը մեծ ծավալների է հասնում: Ինչպե՞ս պետք է կարողանաք բարելավել դրությունը:

- Ասում են: Ես այդ տվյալներին չեմ տիրապետում: Ես էլ բոլորի նման ինչ-որ բաներ լսում եմ, բայց տվյալներին չեմ տիրապետում: Ինչ-որ չափով մեղմելը մեզանից է կախված, պիտի կարողանանք մեզանից կախվածը անել, և եթե այդպես անենք, շատ բան կփոխենք:

- Իսկ հանրապետության իշխանություններից ի՞նչ է կախված:

- Նույնն է, ինչ տարբերություն: Ինչ որ հանրապետության իշխանություններից է կախված, պետք է մենք էլ, նրանք էլ աշխատենք, որ վիճակը լավանա:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախորդ պաշտոնավարման՝ հարկային ոլորտում գոյություն ունեցող իրավիճակը:

- Գործ չունեք, ես մեկնաբանություններ չեմ տա: