Նորմալ մարդ է, ճանաչում եմ վաղուց, բայց նման երկրում, ինչպիսին Հայաստանն է՝ կառավարման համակարգը անձից, ինչ-որ մի պետական չինովնիկից չէ կախված, մեր երկրում ընդհանուր խնդիր է, մեկ մարդը չի կարող այստեղ համակարգ փոխել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շիրակի մարզի ոստիկանության ռեգիոնալ վարչության նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ, մարզի Ձորակապ գյուղի բնակիչ, «Հանրապետություն» կուսակցության համակիր Մուշեղ Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին։
«Տվյալ պաշտոնում նշանակված մարդը կարող է միայն այդ տարածքի ժողովրդի հետ արդար վարվել, նա միայն այդքանը կարող է անել, մնացածն իրենից կախված չէ»։
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հենց ուժային կառույցի ներկայացուցչին Շիրակի մարզում մարզպետ նշանակել, Մ. Սաղաթելյանն ասել է. «Իմ կարծիքով՝ սա ոչ մի չափանիշ չէ, ես միշտ համամիտ եմ եղել, որ ամեն մի տարածքում տեղի հող ու ջրում մեծացած անձին պետք է մարզպետ նշանակել, նրան, ով կարող է այդ տարածքի ժողովրդի հոգսերը ճիշտ ընկալել ու ճիշտ կառավարել։ Մեկ ուրիշն էլ կարող է լավ մարդ լինել, բայց ըստ իս, ուրիշ մարզից կամ թեկուզ մայրաքաղաքից նշանակված մարդը չի կարող լավ մարզպետ լինել, այդ մարդկանց օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է»։
Պարոն Սաղաթելյանից հետաքրքրվել են նաև, արդյո՞ք Ֆելիքս Ցոլակյանը նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանից լավ մարզպետ կարող է լինել. «Եթե չի աշխատել, դեռ չեմ կարող գնահատական տալ, ես զուտ որպես անձ կարող եմ ասել՝ այնքանով, որքանով ճանաչում եմ, գիտեմ, որ ազնիվ մարդ է՝ չի ստի, ուղղամիտ է։ Ընդամենը ուրախ եմ, որ այս հողից մարդ դրվեց։ Գիտեմ, որ եթե անգամ լավ բան չանի, վատը երբեք չի անի»,- պատասխանել է նա։
Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում էր ներկայացրել ՝զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ, կառավարությունը դիմումն ընդունել էր։
Նշենք, որ Ա. Գիզիրյանի հրաժարական տալու պատճառը՝ պաշտոնական տվյալներով վերընտրված Սերժ Սարգսյանի պարտությունն էր Շիրակի մարզում։
Կառավարությունը օրեր անց Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակեց Ֆելիքս Ցոլակյանին, վերջինս նախկինում ԱԱԾ պետի տեղակալն էր, իսկ դրանից առաջ Հարկային ծառայության ղեկավարը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի