Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո Շիրակի մարզպետի պաշտոնին հավակնող մի քանի անուններ շրջանառվեցին՝ Յուրի Վարդանյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյան, ինչպես նաեւ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյան:
Նրա անունը տարբեր լրատվամիջոցներ սկսեցին շրջանառել ՀՀԿ գործադիր մարմնի հրավիրած արտահերթ նիստից հետո, թեեւ ՀՀԿ-ական որոշ գործիչներ հայտարարել են, որ դեռեւս ոչինչ հստակ չէ, այնուամենայնիվ այն, որ հնարավոր է հենց Ֆելիքս Ցոլակյանը գործուղվի Շիրակի մարզ, չեն էլ բացառել:
Ներկայացնում ենք ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի հարցազրույցը galatv.am-ին:
-Պարոն Ցոլակյան, ի թիվս մի քանի անձանց, նաեւ Ձեր անունն է շրջանառվում՝ որպես Շիրակի մարզպետի հավանական թեկնածու: Ինչպե՞ս եք վերաբերվում Շիրակի մարզում աշխատելու առաջարկին, նման առաջարկ Ձեզ արվե՞լ է:
-Բերեք ժամանակից առաջ չընկնենք, մի քանի օր սպասենք եւ մենք կխոսենք...
-Այսինքն, Ձեր պատասխանից դատելով, կարելի՞ է ենթադրել, որ առաջարկել են եւ դուք ընդունում եք այդ առաջարկը՝աշխատել Շիրակի մարզպետ:
-Նման խոսակցություններ կան, այդ խոսակցություններից ես չեմ հրաժարվում, բայց սպասե՛ք խնդրում եմ, մի քանի օրից՝ որքան անհրաժեշտ է, ես ձեզ հետ այնքան կխոսեմ:
-Պարոն Ցոլակյան, ինչպե՞ս, ի՞նչ տրամադրությամբ կգաք պրոբլեմներով հարուստ Շիրակի մարզ՝ուրախությա՞մբ...
-Ես Շիրակի մարզում ո՞նց կարող եմ ուրախությամբ չաշխատել: Ես Շիրակի մարզից եմ՝ Ջրափիից:
-Դուք խնդիր չեք տեսնում Շիրակի մարզում աշխատելու, որովհետեւ այն տպավորությունն էր, որ մի քանի հոգու առաջարկ արվել է մինչեւ Ձեզ եւ չեն համաձայնել, կամ չեն ուզում աշխատել Շիրակի մարզում: Ի նկատի ունեմ այն, Շիրակը դժվար կառավարելի մարզի համարում ունի:
-Բերեք դժվարությունների մասին առայժմ չխոսենք, բերեք թողնենք, երբ որ կլինի ավելի որոշակիություն, այն ժամանակ էլ կխոսենք:
-Պարո՛ն Ցոլակյան, Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի պարտությունը ՀՀ նախագահի վերջին ընտրություններում ինչի՞ հետ եք կապում, ինչո՞վ եք պայմանավորում :
-Չեմ խառնվել, չեմ հետաքրքրվել եւ չգիտեմ...
Քրիստինա Մկրտչյան