Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պարզվում է ընդգծված վերաբերմունք ունի Գյումրու նկատմամբ: Նա ասաց, որ Գյումրին առանձնանում է հանրապետության մյուս բոլոր բնակավայրերից: Հետաքրքիր է նաեւ, որ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրին անվանեց «քաղաքատիպ վայր»: Առաջին տպավորությունը լրագրողների եւ մարզպետարանի մյուս աշխատակիցների մոտ այնպիսին էր, որ նա այնքան էլ գոհացած չէ իր՝ Շիրակի մարզ գործուղման փաստից, թեեւ նորանշանակ մարզպետը փաստեց հակառակի մասին, որ տրամադրությունը շատ բարձր է եւ Գյումրիում աշխատելուն էլ «լավ» է վերաբերվում:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, ի՞նչ տրամադրությամբ եք գալիս Գյումրի: Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել Շիրակի մարզում:
-Բարձր տրամադրությամբ, լավ եմ աշխատելու, մանրամասներով չգիտեմ խնդիրների մասին: Գիտեմ՝ ընդհանուր բնույթի պրոբլեմներ կան: Մանրամասներին կփորձեմ ծանոթանալ:
-Տեղյա՞կ եք, որ աշխատելու եք մի մարզում, որը հանրապետության ամենաաղքատ մարզերից է:
- Հայաստանում մարզերը քիչ են իրարից տարբերվում: Իհարկե, Գյումրին տարբերվում է մյուսներից, բայց մարզն ամբողջությամբ էդքան չէ, բայց Գյումրին, էլի եմ ասում, տարբերվում է: Դա ուրիշ հարց է, դրա մասին մենք կանդրադառնանք, կհանդիպենք՝ կասեմ: Գյումրին որպես քաղաք եւ քաղաքատիպ վայր, ապրելակերպ, գյումրեցու ձգտում, շատ բաներ կան, որոնց մասին չեմ ուզում դեռ տարածվել, անպայման դրանց մասին կխոսենք:
-Պարո՛ն Ցոլակյան, մինչեւ Ձեզ Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակելը, մի քանի անուններ եւս շրջանառվում էին ու տպավորություն էր, որ ոչ մեկը չի ուզում գալ ու աշխատել Շիրակի մարզում: Դուք հեշտությա՞մբ համաձայնեցիք…Շիրակը խնդիրներով հարուստ ու դժվար կառավարելի մարզի համբավ ունի:
-Բերեք այդ մասին ես չխոսեմ: Բերեք պայմանավորվենք՝ մի որոշ ժամանակ կանցնի, ես կաշխատեմ, ա՜յ այն ժամանակ կհանդիպենք, կխոսենք, ես ասելիք չունեմ այսօր առանձնապես, իմ ասելիքն այն է, որ նորմալ կաշխատենք, ինչ -որ նախատեսված է լրագրողների հետ հանդիպելու օրենքով նախատեսված ձեւով կաշխատենք, մյուս հարցերում՝ ավելի ազատ:
-Պարոն Գիզիրյանի հետ հանդիպե՞լ եք: Ի՞նչպես եք գնահատում նրա աշխատանքը Շիրակի մարզում:
-Նորմալ, նրա աշխատանքը նորմալ եմ գնահատում…հանդիպել եմ :
-Պարո՛ն Ցոլակյան, ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված Շիրակի մարզում Սերժ Սարգսյանի պարտությունը:
-Իմ գնահատականը հետեւյալն է՝Շիրակի մարզում ինչ -որ եղել է, դա արդեն ասում է ընտրությունների մասին:
-Իսկ ինչո՞ւ են գեներալ ուղարկում Շիրակի մարզ ոստիկանությունից, կամ ԱԱԾ-ից:
-Ա՜յ մարդ, ասացինք՝ պատահականություն է, երկու հատ իրար հետեւից, ստացվել է այդպես, ի՜նչ է խելռցրեցիք-թողեցիք էլի, շատ սիրով մենք կաշխատենք: