Երեւանի նախկին քաղաքապետ, նախկին նախարար Երվանդ Զախարյանը «Հաղթանակ» զբոսայգու հանրային նշանակության հողատարածքը ապօրինի օտարելու գործով դեռեւս որեւէ դատավարական կարգավիճակ չունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Զախարյանը։

«Հարուցված է քրեական գործ, կքննեն, մեղավորներին կգտնեն։ Ես դեռ մեղադրյալ չեմ, գործի քննություն է ընթանում, իրենք կասեն։ Ես չեմ ցանկանում որեւէ բան ասել, քանի որ այս փուլում ճիշտ չի լինի»,–ասաց նա։

Զախարյանը հայտնեց, որ իր առնչությունը գործին այնքանով է, որ այդ ամենը տեղի է ունեցել իր՝ քաղաքապետ եղած ժամանակ։

Հարցին, արդյոք ապօրինի որոշմամբ է օտարվել «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը, Զախարյանն արձագանքեց.

«Չեմ կարծում»։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ Երեւանի քաղաքապետը ծառայության շահերին հակառակ որոշումներ է կայացրել։ Դրանցից մեկով օտարման ոչ ենթակա «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը: Ենթադրյալ ապօրինությունները կատարվել են Երվանդ Զախարյանի պաշտոնավարման տարիներին։ Ըստ ՀՔԾ–ի՝ Երեւանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երեւան համայնքի օրինական շահերին,.2019թ. օգոստոսի 30–ին որոշում է կայացվել դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: