ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի կողմից 2019 թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել թվով 900 ստուգումներ: ՊԵԿ-ի կայքից տեղեկացնում են, որ դրանցից բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները մոտ 630-ն են, միջին ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները` 230, ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները` 40: Ուշագրավն այն է, որ համալիր ստուգումներ են սպասվում գրեթե բոլոր նախկին և ներկա պաշտոնյաների մոտ: Ընդ որում համալիր բառը այստեղ տեղին է ոչ միայն ստուգումների ծավալների իմաստով, այլ մեկ պաշտոնյայի պատկանող այն ընկերությունների թվով, որոնք հայտնվել են ՊԵԿ թիրախում: Եթե օրինակ նախկին ՀՀԿ-անների, երկրորդ նախագահի անվան հետ կապվող ընկերությունները ստուգվելու են առանց բացառության, բոլորը, ապա այս իշխանությունների հետ լեզու գտած Սամվել Ալեքսանյանի բախտը բերել է, ՊԵԿ թիրախում հայտնվել են նրան պատկանող ընդամենը երեք ընկերություն: Իսկ օրինակ «Ա ԵՎ Գ» ՍՊԸ-ն, «Մալաթիա Մոլ», «Ալֆա ֆարմ» և մյուս 7 դեղագործական ընկերությունները, «Աստղիկ» ԲԿ-ն, «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը, «Սիթի» ընկերությունը, «Կայզեռ» սուպերմարկետների ցանցը, Արարատի մարզի ձկնաբուծարանները, «Փարվանա» ռեստորանային համալիրը, Արտաշատի տրիկոտաժային ֆաբրիկան ակնհայտորեն աչքաթող են արվել: Պատահականությո՞ւն է արդյոք:
Այն, որ ՊԵԿ նախագահը որոշակի վերապահումով է վերաբերվում Սամվել Ալեքսանյանի ընկերություններում առկա հավանական խախտումներին, դա ակնհայտ է: Ամիսներ առաջ վերջինիս հարց էին ուղղել, առ այն, որ երբ Փաշինյանը պատգամավոր էր, բարձրաձայնում էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շաքարավազի հումքի անվան տակ պատրաստի շաքարավազ է ներկրում և բարձր գնով վաճառում, արդյոք նման ստուգումներ եղել են, ՊԵԿ նախագահը պատասխանել էր՝ «Այդ տեղեկությունները ստուգվել է և վերջին մեկ տարվա կտրվածքով նման դեպք չի եղել, նախկինները ստուգված ժամանակահատված են եղել, դրանք չեն ստուգվել: Վերսկսումների իրավական հիմք էլ մենք չունենք»:
Նշենք նաև, որ ՊԵԿ ցանկում են հայտնվել ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսանի ԲՈՒԱՏ», հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» և «Բանանեկ», ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես կենտրոն», «Մուլտի ագրո գիտաարտադրական կենտրոն», «Մուլտի գազ», ընդ որում՝ վերջին ընկերությունում վերջին անգամ ստուգումներ եղել են հենց այս տարի՝ 2019թ.-ին: Համաձայն ՊԵԿ հրապարակած ցանկի՝ ստուգումներ կանցկացվեն նաև «Սանիթեք», «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», «Սպայկա» ընկերություններում: «Նաիրի բժշկական կենտրոն»-ը, «Գոլդեն փելես» հյուրանոցը, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ևս ստուգվելու են: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Պիցցա»-ն և «ՌԻՈ»-ն, Էռնեկյանին պատկանող «Կոնվերս Բանկ»-ը, Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապվող «Յուքոմ»-ը, նախկին պատգամավոր Ռաֆայել Շահմուրադյանի «Կարկոմավտո»-ն ևս կստուգվեն: