Ավտոներկրողները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ բողոքելով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրից:
«Վարչապետն ո՞վ է, որ մեզ ասի՝ գնացեք Գյումրի: Որպես տղամարդ կարա իջնի, ասի՝ տղերք ջան, գնացեք Գյումրի, ես էլ կասեմ, ցավդ տանեմ, ինչի՞ գնամ: Չէ՞ որ մաքսատան ցածր խավի ներկայացուցիչներն անգործ են մնալու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ավտովարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ դեմ են Գյումրիում նոր ավտոմաքսակետի կառուցմանը. «Գյումրիում մեծ մաքսակետ են կառուցում, և մենք գտնում ենք՝ անհնար է, որ Երևանից և այլ քաղաքներից մարդիկ մեկնեն Գյումրի՝ մաքսազերծում իրականացնելու։ 3 ամիս հետո ավտոներկրողներն անգործ են մնալու, քանի որ չեն կարողանալու արտերկրից մեքենաներ ներկրեն: Հիմա ի՞նչ կարիք կա ձմռան շեմին բոլորս մեկնենք Գյումրի: Ես պարոն վարչապետին հարց եմ տալիս՝ օրական հազար մեքենայի մաքսազերծում է կատարվում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան վթարներ կլինեն ճանապարհներին, եթե այդքան քաղաքացի մեկնի Գյումրի։ Որքան ժամանակ է՝ սպասում են, բայց կառավարությունից ոչ ոք չի իջնում՝ իրենց հետ հանդիպելու»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսօր մոտ 10 000 ավտոմեքենա գտնվում է տարբեր երկրների նավահանգիստներում. «Մեքենաները կուտակվել են Վրաստանում, Փոթիում 3 նավ է կանգնած, հայերի մեքենաները չեն բեռնաթափում: Դեռ ղեկ էլ պետք է փոխես, որը 1-2 ամիս տևում է: Հունվարից հետո 10 հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնել Հայաստան, ՊԵԿ-ն ու Ոստիկանությունն էլ պատասխանում են, թե ծախեք վրացիներին»,- նշեց Հովհաննիսյանը։