SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև:
Աղբյուրի տեղեկություններով՝ Արա. Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով, ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել և վիճաբանությունը շարունակվել է: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տեղեկությունները, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, իրականությանը չեն համապատասխանում: Պարզապես, քանի որ դեպքին մասնակցություն է ունեցել մարզպետի օգնականը, քաղաքացիները կարծել են, թե մարզպետը ներկա է եղել վիճաբանության-ծեծկռտուքին: