ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կարծիքով՝ Վայոց Ձորի մարզում ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մեղավորները՝ լինի մարզպետ, սպա, թե հասարակ քաղաքացի, պետք է հավասար լինեն օրենքի առաջ:

Այս մասին Պապիկյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականին՝ նախարարը նշեց, որ մարզպետը քաղաքական որոշում է կայացրել:

«Նա հստակ նշել է, թե որն է իր հրաժարականի պատճառը: Ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, որ այսօր հիվանդանոցում ունենք սպա, ով միջադեպի հետևանքով պայքարում է կյանքի համար, մարզպետը քաղաքական որոշում է ընդունել, որ ինքն այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը: Հիմա մեզ համար սպայի կյանքը շատ կարևոր է: Նաև բոլորի հավասարությունն օրենքի առջև պետք է հստակ լինի՝ թե մարզպետի, թե սպայի, թե հասարակ քաղաքացու»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարը:

Մարզպետի նոր թեկնածուի վերաբերյալ նա նշեց, որ դեռևս հնարավոր չէ այլ մարզպետ նշանակել, քանի որ Տրդատ Սարգսյանը հայտարարել է, թե այս պահին ընթանում են զորավարժություններ, և ինքը լիազորությունները վայր է դնելու այդ գործընթացի ավարտից հետո:

«Երբ կունենանք մարզպետի թափուր տեղ, բնականաբար, համապատասխան ընթացակարգով վարչապետը կորոշի, թե ով է լինելու Վայոց Ձորի մարզպետը»,- նշեց Պապիկյանը:

Սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:

2019 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան: Կատարվել է շտապ վիրահատություն, սպայի վիճակն այդ պահին գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ այժմ նա գտնվում է կոմայի մեջ: