Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը նախորդ տարի երեք անգամ կողմնակի միջամտության է ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 6-ին հայտարարեց Թոքմաջյանը' անդրադառնալով նախորդ տարի տեղի ունեցած «վիրուալ սեքս-միջադեպին»:
«Առաջին կողմնակի մուտքը եղել է 2014 թվականի օգոստոսի 30-ի կեսօրին՝ «Սոլո» սրճարանից: Հավանաբար, վարկաբեկիչ նյութ են փնտրել և չեն գտել, հետո որոշել են, որ պետք է տեքստ սարքեն, և այդ տեքստը պատրաստվել է սեպտեմբերի 5-ին ժամը 1:09-1:32, «Տրիումֆ» սրճարանում: Երրորդ չթույլատրված մուտքն իմ ֆեսյբուքյան էջ եղել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննես Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ տվյալ սրճարաններում տեսախցիկներ չեն եղել, բայց փաստերն արձանագրվել են վճարովի կայանատեղիների տեսախցիկներով:
«Դուք կտեսնեք այն, ինչ ես եմ տեսնում, մնացածը կանի քննությունը: Այս բոլորն իրական նյութեր են՝ փորձաքննություն անցած»,- նշեց նա՝ ներկայացնելով տեսանյութը:
Ներկաների խոսքով՝ տեսանյութում հայտնվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը, նրա տեղակալ Վահե Կիրակոսյանը, ինչպես նաև Պոլիտեխնիկի արդեն նախկին պրոռեկտոր, այժմ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը:
«Ես գործով տուժող եմ, գիտեմ, որ Աստծո առաջ մաքուր եմ»,- հավելեց ռեկտորի պաշտոնակատարը:
Նախորդ տարի Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նրա և աշխատակիցներից մեկի միջև ինտիմ խոսակցությունը, որը, ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, տեղադրվել էր այլ անձանց կողմից: Միջադեպը կրքերի բորբոքման առիթ էր դարձել: