ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ում խնդրանքով գլխավոր դատախազն անդրադարձել է 01.06.2013թ.-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին։

 

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը, Գևորգ Կոստանյանը ներկայացրել է ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները, այնպես էլ նախաքննության մարմնի և պաշտպանական կողմի իրավական գնահատականները:

 

Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին՝ Գևորգ Կոստանյանն առանձնացրել է երկու ուղղություն, որոնք ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում լինելու են իր հատուկ ուշադրության կենտրոնում, դրանք են՝ անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:

 

Այս երկու ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումներից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է քրեական օրենսդրության կիրառման միասնական մոտեցումների ամրագրումը, արդյունավետ վերահսկողությունը և թերացումների համար պատասխանատվության միջոցների անխուսափելի կիրառումը:

 

Դեսպանը վերահաստատել է դատախազության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, հույս հայտնելով, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությանն առաջիկայում նոր թափ կհաղորդվի:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներին ԱՄՆ դեսպանատան աջակցության ոլորտների և ծավալների ճշգրտման նպատակով, պարբերաբար կազմակերպել հանդիպումներ և խորհրդակցություններ: