ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը վատ է վերաբերվում նախընտրական քարոզարշավի ընթացքում Ջրառատում տեղի ունեցած միջադեպին՝ ավելացնելով, որ հորդորել է իր բոլոր կուսակիցներին նախընտրական շրջանում ցուցաբերել հանդուրժողականություն: «Այդ դեպքին ծանոթ չեմ, սակայն յուրաքանչյուր նման միջադեպի վերաբերվում եմ շատ վատ: Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում: Կփորձեմ հասկանալ»,- Ավան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետը:

ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարություն տարածել, որում նշվել է' իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում: Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին ժամը 16-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ. Երանոսյանը և Մ. Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լ. Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ: