Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վճռաբեկ դատարանը երեկ բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել։
Նկատենք, որ տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են գնում, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանին շուտով կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանը: Դատելով նման զարգացումներից՝ կարելի է ենթադրել, որ Գագիկ Ջհանգիրյանի շանսերն ավելի են մեծանում, և մոտալուտ նշանակումը չի ուշանալու։
Նշենք, որ այս խոսակցությունները դեռևս նախորդ տարեվերջից էին գնում։ Նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը կենսական նշանակություն է ունենալու, հատկապես, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Եվ քանի որ Քոչարյանի գործի հանգուցալուծման պահը բավականին երկարում է, ինչն այնքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ, ուստի Դավթյանին փոխարինելու իսկը ժամանակն է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 16-ին Գ. Ջհանիգիրյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։