Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը։ Թե ինչպիսի դիրքորոշում ունի հարցի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ԼՈՒՐԵՐ․com—ը փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից։
«Մանրակրկիտ ծանոթացել ենք որոշման նախագծի հիմնավորումներին և հասկանում ենք, որ հիմնավորումների մեխը էական կարգապահական խախտումն է, բայց այսօրվա քննարկումների ժամանակ ես չհամոզվեցի վերոնշյալ իրավական խախտման առկայության մասով։ Սակայն, հաշվի առնելով, որ սա ընդամենը միջնորդագիր է, և վերջնական գործը քննվելու է ՍԴ-ում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ գործընկերները հյատարարեցին, որ այս պահին որոշում ենք ձեռնպահ մնալ նախագիծը որակավորելուց և մինչև լիագումար նիստերի դահլիճ գալը ուշիուշով կհետևենք քննարկումներին, որը մեզ թույլ կտա համապարփակ եզրահանգման գալ»,- ասաց պատգամավորը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և խմբակցությունն այս հարցը դիտարկում են բացառապես իրավական տիրույթում և որևէ կերպ չի անձնավորում այս գործընթացը։
Իսայանը հիշեցրեց, որ դեռևս նախկինում՝ ՍԴ նախագահի ընտրության ժամանակ, իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը․ «Այսօր էլ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ գտնում ենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի լավագույն մարմնացումը չէ, բայցև այսպիսի գործընթաց սկսելուց առաջ կարծում եմ՝ ճիշտ կլինի անխոցելի իրավական հիմքեր ունենալ, որն իրավական ակտը ծանրակշիռ կդարձնի»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի այսօրվա քննարկմանն իրենց խմբակցության անդամները ձեռնպահ են քվեարկել, մինչև հերթական քառօրյայի ընթացքում հետևելեվ քննարկումներին ու զարգացումներին՝ կհայտնեն իրենց դիրքորոշումը։
Հարցին՝ ըստ իրեն ինչպիսի՞ իրավիճակ է ՍԴ-ում, արդյոք իրենք ևս այն կարծիքին են, որ իրավիճակն անկառավարելի է, Իսայանը պատասխանեց․ «Պարոն Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր դրան, և մենք չենք կարծում, որ ՍԴ-ում կրիզիսային, կազոսային և անկառավարելի իրավիճակ է։ Բայց նաև կարծում ենք, որ որոշակի խնդիրներ կան, որոնք ՍԴ-ն ինքը պետք է հաղթահարի։ Ես կարծում եմ՝ օրենսդիր մարմինը որևէ միջամտություն չպետք է ունենա ՍԴ-ի գործերում, ինչպես մյուս դեպքերում է։ Այսինքն՝ խնդիրը չպետք է շատ քաղաքականացնել, դրանք իրավական գործընթացներ են, և խնդիրը պետք է փորձենք դիտարկել բացառապես իրավական տիրույթում։ Սակայն, դա չի խանգարում, որ իրավական խախտումների դեպքում ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն այսպիսի նախաձեռնություններ սկսել և այսպիսի գործընթաց ձեռնարկել»,- նշեց Շաքե Իսայանը։
Սոնա Հարությունյան