Օրեր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք առաջադրվեց՝ իշխանությունը ենթադրյալ չարաշահելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 25-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում տրվեց՝ փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար:
Սակայն մեր ուշադրությունը գրավեց հատկապես այն, որ նախաքննության ընթացքում ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:
Նկատենք, որ այլ պաշտոնատար անձինք ասելով՝ ՔԿ-ն նկատի ունի Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներին, որոնք ևս անցնում են գործով և օրեր առաջ ցուցմունք են տվել Վլադիմիր Գասպարյանի դեմ։
Սաշիկ Սարգսյանի կողմից իր նախկին թիկնապահների համար արված քայլը հասկանալի է, սակայն հետաքրքիր է, թե ինչու է 3-րդ նախագահի եղբայրը փոխհատուցել նաև Վլադիմիր Գասպարյանի համար։
Պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ։ Վերջինս նշեց, որ իրենք դրա հետ կապ չունեն․ «Ես չգիտեմ՝ ով ում ինչ է անում, և ով ում վնասն է հատուցում։ Ամեն դեպքում, Վլադիմիր Գասպարյանը այդ փոխհատուցման հետ որևէ առնչություն չունի»։
Կարելի է ենթադրել` նկատի ունենալով այն, որ ժամանակին Վլադիմիր Գասպարյանն է Սարգսյան եղբայրների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար չարաշահել իր պաշտոնեական դիրքը և այսօր հայտնվել մեղադրյալի աթոռին, վերջիններս էլ այս քայլով փորձում են իրենց պատասխանը տալ նրա «լավությանը»։
Հիշեցնենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997-2010 թթ․ զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, այնուհետեւ՝ մինչեւ 2011թ. նոյեմբերը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ լինելով, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ, համապատասխանաբար, 2001, 2004, եւ 2009թթ.-ից, նշված զորամասում հրամանագրված լինելով որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայանում զինծառայության, դրա փոխարեն կատարում են այլ աշխատանք, այն է՝ նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, նշված անձանց բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Արդյունքում, չկատարելով իրենց բուն գործառույթները և չհաճախելով զորամաս, զինծառայողները չեն ազատվել զբաղեցրած պաշտոններից, ինչի հետևանքով նրանց ՀՀ պետական բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: