Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմանում ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19-րդ շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նույն ոստիկանությունում Միաքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբինյանց փողոցի բնակիչ 49-ամյա Սանասար Մ.-ն:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ Սանասար Մ.-ին նշված մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Թ.-ն, որը ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Արման Թ.-ն ձերբակալվել է, իսկ ժամը 04:30-ի սահմանում հիվանդանոցից ոստիկանությանը հայտնել են, որ Սանասար Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: