ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com—ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
Նշենք, որ Ամուլսարի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիաների օրերին հայտնի դարձավ, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016-ին հաստատել է Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգակցական կապ ունեն։ Քննչական կոմիտեն հաստատել էր տեղեկությունները, սակայն նշել նաև՝ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:
Այս դեպքից հետո ակտիվ խոսակցություններ սկսեցին այն մասին, որ պաշտոնյաների ազգակցական կապը կարող է ազդեցություն ունենալ Ամուլսարի ճակատագրի վրա։ Այնուհետև մամուլը գրեց գործի հետ առնչություն ունեցող պաշտոնյաների՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ու Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի պաշտոններից ազատման մասին: Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՔԿ-ից հերքել էին Իվանյանին վերաբերող տեղեկությունը՝ նշելով, որ նա շարունակում է պաշտոնավարել։ Իսկ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ինքն էր ազատման դիմում գրել: