Մամուլը գրում է, որ աշխատանքից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հերքեց տեղեկությունները․ «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել: Նշանակվել է ծառայողական քննություն, և այդ քննության արդյունքներից ելնելով՝ կկայացվի որոշում»,- ասաց Հարությունյանը:

 

Ինչ վերաբերվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանիաշխատանքից ազատման տեղեկություններին, Հարությունյանը նշեց, որ Քննչական կոմիտեն նրա ազատման հետ չի կարող առնչություն ունենալ, քանի որ ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը:

Նշենք, որ օրերս հայտնի էր դարձավ, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016-ին հաստատել է Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգակցական կապ ունեն։ ՔԿ-ն հաստատեց տեղեկությունները, սակայն նշեց նաև, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ: