ՔԿ-ն հաստատում է՝ Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգակցական կապ ունեն:
Քննչական կոմիտեն, անդրադառնալով կայքերից մեկի հրապարակմանը, հաստատում է վերջիններիս ազգակցական կապի մասին տեղեկությունները, սակայն հարկ է համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:
Infocom.am կայքն այսօր հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ, որտեղ նշվում է, որ 2016 թ․ «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ն (2016-ից՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրել է Ամուլսարի շահագործման փոփոխված նախագիծը և նույն թվականի ապրիլի 29-ին Բնապահպանության նախարարության կողմից ստացել է դրական եզրակացություն: Հոդվածում նշվում է, որ «ԳԵՈԹԻՄ» ՓԲԸ-ի նախագծին դրական եզրակացություն տվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչն էլ հաստատվել է 2016 թվականին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից։ Արդեն 2018 թ․ օոստոսի 28-ին Յուրա Իվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ: Նա նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է:
«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում: Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ, ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ՝ ևս մեկ անգամ նշելով, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար: