Հայտնի է, որ երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ, ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։
«Փաշինյան-Պուտին երկու հանդիպում է տեղի ունեցել։ Մեկը՝ պաշտոնական՝ Դվին հյուրանոցի սրահներից մեկում, մյուսը՝ օդանավակայանում՝ Պուտինին ճանապարհելուց առաջ։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ զրույցը շարունակվի և մոտ մեկ ժամից ավել օդանավակայանում են զրույց ունեցել։ Քննարկել և անդրադարձել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր խնդիրներին»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը։
Հարցին՝ գազի գնի հարցի, Արցախի հարցի վերաբերյալ քննարկումներ եղե՞լ են և է՞լ ինչ հարցեր են քննարկվել, Կարապետյանը պատասխանեց․ «Արցախի հարցի վերաբերյալ որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Իսկ գազի, տնտեսական համագործակցության հեռանկարների և առհասարակ ռազմավարակական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ շատ ծավալուն քննարկում է եղել»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ զրույց ունեցե՞լ են, վարչապետի խոսնակը կրկնեց՝ միայն երկկողմ հարցեր են քննարկվել։
Դիտարմանը՝ քանի որ երկու հանդիպում է տեղի ունեցել, հնարավոր է դրանցից մեկի ժամանակ Քոչարյանի վերաբերյալ ևս խոսակցություն եղած լիներ, վարչապետի խոսնակն ասաց․ «Ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Չեմ կարծում, թե այդպիսի հարց կա երկկողմ հարաբերությունների օրակարգում»։
Տեղյա՞կ են եղել, որ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ այդ առնչությամբ որևէ մեկնաբանություն չունեն։
Սոնա Հարությունյան