Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ օրեր առաջ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր։ Որոշում էր կայացվել ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Սպասվող արդյունքների ու ներկա վիճակի մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց հակակոռուպցիոն հարցերի փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։
«Մեզանում նման հանձնաժողով նախկինում չի եղել, նոր կառույց է։ Բայց դեռևս 2016 թվականից սկսվեցին քննարկումները։ Փորձում էին հասականալ, թե հակակոռուպցիոն բնույթի ինչ ինստիտուցիոնալ համակարգ մենք պետք է ունենանք։ Կային մի քանի տարբերակներ։ Մեկի համաձայն՝ պետք է լիներ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որ իր մեջ 3 բաղադրիչ պետք է ունենար՝ հակակոռուպցիորն գործողություն, կոռուպցիայի կանխարգելում և հակակոռուպցիոն կրթություն»,- նշեց նա։
Ըստ փորձագետի՝ նախկին իշխանությունը չկարողացավ դա իրագործել և ստեղծվեց ընդամենը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
«Ըստ էության՝ նոր կառավարությունը որոշակի փոփոխություններով շարունակում է նախորդ իշխանության քաղաքականությունը։ Հիմա կունենանք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը օրենքի հիման վրա ստեղծվող ու գործող մարմին է լինելու։ Նախատեսվում է նաև, որ լինի կոռուպցիոն հանցագործությունները քննող «միասնական իրավաբան մարմին»»,- նշեց փորձագետը։
Մեր այն հարցին, թե ըստ իրեն, ինչ մեթոդով կլինի անդամների ընտրությունը, փորձագետը կարծիք հայտնեց, որ դա կարող է լինել քվեարկություն ձևով, որի արդյունքում էլ կընտրվեն անդամները։
Ատովմյանը լիահույս է, որ նոր նախագիծն արդյունավետ կլինի, բայց կոռուպցիայից ամբողջությամբ ազատվել, այն էլ մի քանի տարիների ընթացքում՝ դժվար թե ստացվի։
«Առհասարակ որևէ պետության չի հաջողվել, ամբոջությամբ հաղթահարել կոռուպցիան, որովհետև նույնիսկ ամենաչկոռումպացված պետություներում լինում են հատ ու կենտ կոռուպցիայի դեպքեր, հարուցվում են քրեական գործեր։ Բայց խնդիրը մասշտաբների մեջ է»,- նշեց նա։
Ըստ փորձագետի՝ մտածել, թե միայն ինչ-որ մարմիններ ստեղծելով կարող ենք բեկում մտցնել կամ հաղթահարել կոռուպցիան, իրատեսական չէ, քանի որ դա մի ամբողջական ու փոխկապակցված համակարգ է․«Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը զուգակցենք տնտեսական զարգացման հետ, հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հետ, կրթական համակարգի բարեփոխումների հետ, հատկապես հակակոռուպցիոն կրթական ծրագրերի հետ, որ մեր հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվի հակակոռուպցիոն մտածելակերպը։ Դա երկարատև գործընթաց է»։
Ատովմյանը, որպես կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն օրինակ, նշեց Սինգապուրը, որտեղ 30-35 տարի պահանջվեց մինչև ամբողջությամբ կարողացան հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ունեցել են։ Իսկ հիմա դարձել են այն պետությունը, որը մենք գիտենք։
«Որոշ զարգացած հանրային կառավարում ունեցող երկրներում, հակակոռուպցիոն համակարգ համարյա չկա, քանի որ ճիշտ հանրային կառավարման համակարգի դեպքում, կոռուպցիան շատ ցածր տոկոս է կազմում։ Հենց այդ պատճառով նրանք չունեն կարիք առանձին ինչ-որ հզոր մարմիններ ստեղծել»,- նշեց նա։