ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ու «Սասնա Ծռեր»-ի պատասխանը ներքաղաքական բուռն քննարկումների առիթ դարձավ։ Ստեղծված իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։
«Այս ամենի պատճառը այն բևեռվածությունն է, որը կա մեր հասարակության մեջ, ինչը որևէ լավ նախանշաններ չունի։ Այս ամենի մեղավորը հենց իշխանությունն է, քանի որ բացահայտ հովանավորում են ինչպես հասարակության սևերի ու սպիտակների բաժանվելը, այնպես էլ դրանից մեխանիկորեն բխող գործընթացները»,- նշեց քաղաքագետը։
Ըստ Համբարյանի՝ Բալասանյանի հայտարարությունը շատ կոշտ էր, նախազգուշացնող։ Միևնույն ժամանակ նա չի կարծում, որ Բալասանյանն այդ հայտարարությունն արել է առանց հաշվի առնելու հետագա գործընթացները։
«Իսկ ինչ վերաբերում է «Սասնա Ծռեր»-ի հայտարարությանը, պետք է նշեմ, որ նրանց և Փաշինյանի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ «Սասնա Ծռեր»-ը բացահայտ աջակցում են գործող իշխանությանը։ Արդյունքում կարող ենք փաստել, որն «Սասնա Ծռերի» արձագանքը նույն իշխանություններին պաշտպանելու քայլ է»,- նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ իշխանության ու «Սասնա Ծռեր»-ի համագործակցությունն ավելի վաղ է սկսվել․ «Թերևս հենց այն ժամանակահատվածից, երբ նրանք ազատ արձակվեցին։ Չի կարող հանցագործության մեջ մեղադրվող անձը, առավել ևս, երբ սպանության մասին ցուցմունք են տալիս ոչ թե կողքից ինչ-որ ականատեսներ, այլ հենց նույն խմբի անդամները, լինեն ազատության մեջ։ Հիշենք, որ զոհերից էլ չկարողացանք խուսափել»։
Համբարյանը կարծում է, որ առանց իշխանության հետ համագործակցության նման արարքից հետո ազատության մեջ չեն լինում։
Քաղաքագետն անդրադարձավ նաև «Սասնա ծռեր»-ի և այսպես կոչված «Սորոս»-ի հիմնադրամի հետ համագործակցությունը։
«Եկեք չմոռանանք, որ Փաշինյանի թիմում ևս կան այդ հիմնադրամի հետ կապեր ունեցող գործիչներ։ Հիմա, Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հրաժարականներից հետո, նրանք բավական ուժեղացրել են իրենց դիրքերը իշխանության տարբեր օղակներում»,- նշեց նա։
Ըստ քաղաքագետի՝ «Սասնա ծռեր»-ի բավական ակտիվացումը պայմանավորված է Փաշինյանով, քանի որ իրենցով փորձում է լրացնել այն վակումը, որը ստեղծվել էր Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներից հետո։
Մեր այն հարցին, թե կարող ենք Բալասանյանի հայտրարությունը համարել միջնորդավորված, որն ավելի շատ ուղղված էր Փաշինյանին, քան «Սասնա ծռեր»-ին, Համբարյանն ասաց, որ բնականաբար այդպես է․«Դա ուղղված է նաև բոլոր այն ուժերին, որոնք կանգնած են նրա կողքը ։