Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց եւ շնորհավորեց Գեղարքունիք, Լճափ եւ Վանեւան համայնքների նորընտիր ղեկավարներ Արայիկ Աբրահամյանին, Արսեն Հովսեփյանին եւ Իգոր Հարությունյանին, ովքեր հաղթող էին ճանաչվել այս տարվա սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում:
Մարզպետը համայնքների ղեկավարներին մաղթեց արգասաբեր աշխատանք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Շնորհավորում եմ ձեզ բարդ, պատասխանատու եւ պատվաբեր պաշտոններում ընտրվելու համար: Կարծում եմ, որ երեք բառերն էլ հստակ հուշում են, թե ինչ աշխատանք է ձեզ սպասում: Անշուշտ, ձեզ կգնահատեն լավ աշխատանքի դեպքում այնպես, ինչպես այսօր մարդիկ գնահատում են դեռեւս խորհրդային տարիներին իրենց լավագույն կողմերով դրսեւորած ղեկավարներին: Դուք նաեւ շատ նպաստավոր ժամանակահատվածում եք ընտրվել, երբ ձեր համայնքի շահերին հակառակ որեւէ անօրինական պահանջ ձեր առջեւ չի դրվելու: Ձեզ մնում է համագործակցված աշխատել մարզպետարանի հետ, ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում: Ձեզ մոտ բացառեք հետընտրական շրջան հասկացությունը եւ ձգտեք համայնքները պահել խաղաղության ու միասնության մթնոլորտում: Առանձնակի ուշադրություն դարձրեք սեփական եկամուտների հավաքագրումներին, որպեսզի դրանք ուղղեք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորումներին, որոնք ձեզ մոտ ավելի շատ են կուտակված: Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար աշխատեք ներգրավել տեղի գործարարներին կամ բարերարներին:Հիմա վեր հանեք առաջնահերթ խնդիրները, որպեսզի ձմռան ընթացքում մենք համատեղ կարողանանք նախապատրաստել բոլոր փաստաթղթերը եւ ամռանը սկսենք շինարարական աշխատանքները: Ինչպես ասում են՝ ի գործ »,-ասաց մարզպետը:
Համայնքների նորընտիր ղեկավարները հույս հայտնեցին, որ մարզպետարանի հետ կաշխատեն արդյունավետ ու երկար եւ լավ հետագիծ կթողնեն իրենց գործունեության ընթացքում: