Շարունակելով ընթերցողներին ներկայացնել բարձրաստիճան պաշտոտանար անձանց կողմից ներկայացված գույքի և եկամտի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Գեղարքունիքի մարզի ղեկավարությանը:
Եվ այսպես՝ մարզպետ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է բնակարան ՌԴ-ում, մասնավորապես՝ Մոսկվայում: նա չի հայտարարագրել շարժական գույք և թանկարժեք գույք, եկամտի աղբյուրը 70 հազար ռուբլի կազմող նվիրատվությունն է Գոռ Սարգսյանից, 6 միլիոն 994 հազար դրամ աշխատավարձը՝ ջրային կոմիտեից, 4 միլիոն 200 հազար ռուբլի ստացված փոխառությունը: Վերջինս ունի նաև 100 տոկոս բաժենմաս մի ընկերությունում, որի անունը նշված չէ: Պաշտոնյայի բանկային հաշվին առկա էր 866 հազար 309 դրամ, կանխիկը՝ 27 միլիոն 500 հազար դրամ։
Փոխմարզպետ Վահան Զարոյանի հայտարարագիրը, ցավոք, գտնել չհաջողվեց: Խնդիրը տեխնիկական էր՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը պարզապես չէր գտնում պաշտոնյայի կողմից ներկայացված փաստաթուղթը: Սակայն, վերջինս հասցրել է աչքի ընկնել ոչ այնքան իր թանկարժեք գույքով և եկամուտներով, որքանով պահվածքով:
Ըստ ԶԼՄ հրապարակումների` 2019 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցույց իրականացնողների մեջ է եղել նաև Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ, ՔՊ-ական Վահան Զարոյանը, ով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել էր տվյալ պաշտոնում, իսկ արդեն 2018 թվականի հոկտեմբերի 16-ին ազատվել էր աշխատանքից: Զարմանալի է, բայց նա ընդամենը 5 ամիս է պաշտոնին մնում։ Պարզվում է, սակայն, որ դա ուներ պատճառ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչի համար էլ Փաշինյանը հեռացրել է նրան զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, ապա քրեական գործը կարճվում է համաներման հիմքով։