Արդեն մի քանի օր է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Հայաստանը լքելու մասին տեղեկություններ են շրջանառվում մամուլում:
Հիշեցնենք, որ նա ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող «Հյուսիս-հարավ»-ի գործով որպես վկա հարցաքննվել էր: ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում չհերքեց, որ Բեգլարյանը որպես վկա հարցաքննվել է, միևնույն ժամանակ շտապեց պարզաբանել, որ տեղեկություն չունեն Բեգլարյանի՝ ՀՀ-ն լքելու մասին:
Մեր հարցին, թե նախաքննական մարմինը որևէ լիազորություն ունի՞ վկայի կարգավիճակով հարցաքննված մարդուն արգելել սահմանը հատել, Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ նման լիազորություն Կոմիտեն չունի:
Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն քրեական գործերի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մարդուն: Հետևաբար, թե՛ Գագիկ Բեգլարյանի և, թե՛ այլ անձի Հայաստանը լքելու հանգամանքը որևէ իրավապահ կառույցի բացթողում չի կարող դիտարկվել: