Երեկ ՝ հոկտեմբերի 16-ին ոստիկանության աշխատակիցները կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչներ, 16-ամյա և 18-ամյա եղբայրներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 16-ամյա եղբայրը ոստիկաններին և քննիչներին մատնացույց է արել իրենց տան այն վայրը, որտեղ թաքցրել է ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանից խլված, նրա հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը, որով ճիվաղը մահացու կրակոց է արձակել Տ. Առաքելյանի ուղղությամբ, իսկ Տ. Առաքելյանի ընկերոջն էլ՝ հարվածներ:
Գրեթե մեկուկես ժամ 16-ամյա ստահակը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, Գյուլնազ տատու հեքիաթները պատմել, թե ատրճանակը՝ մեկ նետել է Հաղթանակ զբոսայգում, մեկ՝ Սարալանջի ճանապարհին, մեկ՝ այլ տեղ: Ի վերջո, ոստիկաններին ու քննիչներին տանը պահված թաքստոցից ներկայացրել է ատրճանակը:
Երեկ սպանության վայրում կասկածյալը քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:
Ըստ տեղեկությունների՝ քննչական մարմինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 2 եղբայրների նկատմամբ: