«Ձերբակալումն ապօրինի և ոչ իրավաչափ եմ համարում»։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ կասկածվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրավական գործընթացը շարունակվում է։
Նրա խոսքով՝ ձերբակալության արձանագրությունը ոչ իրավաչափ ճանաչելու բողոքը երեկ մուտք է եղել դատարան, այս պահին սպասում ենք դատական նիստին։ Սակայն գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել։
Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա՝ իշխանության զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
ՀՔԾ–ն երեկ հայտնեց, որ այդ գործով բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։