«2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ»,- իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել էր ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա նաև նշել էր, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին: Արսեն Բաբայանին այս լուրից ժամեր անց ազատ արձակեցին: Այս թեմայի շուրջ Սիսակ Գաբրիելյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ես քիչ առաջ իմացա, որ Արսեն Բաբայանն արդեն ազատ է արձակվել։ Ինչպես հիմնավորմանս մեջ եմ նշել ուղղված դատախազին Արսեն Բաբայանին ճանաչել եմ դեռևս լրագրողական տարիներիցս, ճանաչում եմ նրա տեսակը: Ես և իմ քաղաքական թիմը կարծում ենք, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Ես այդ մասով դիմել եմ անձնական երաշխավորություն տալով, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմինների պահանջով կներկայանա: Ես խնդրել էի փոխարինել խափանման միջոցը, երեկ եմ ներկայացրել նաև վճարել եմ համապատասխան գումարը՝ կես միլիոն դրամ: Այսօր առավոտյան նաև ստորագրեցի համապատասխան արձանագրությունը»,-ասաց Գաբրիելյանը:

 

Այն հարցին, թե արդյոք Գաբրիելյանն իր նախաձեռնությամբ է որոշել միջնորդություն ներկայացնել, պատասխանեց. «Պարբերաբար ես և քննարկումներ եմ ունեցել իրավաբանների նաև իմ քաղաքական թիմի հետ և նաև նրանց դիրքորոշումը հաշվի առնելով ներկայացրել եմ միջնորդությունս»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու փաստին, պատգամավորն ասաց. «Ես անձամբ չեմ պատրաստվում երբևէ անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ բարեբախտաբար առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու»:

 

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Արսեն Բաբայանի հետ նախապես քննարկում չի եղել միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: «Իմ՝ նրա հանդեպ վստահությունը գալիս է նախկինում իրեն ճանաչելուց: Այսինքն, ես հասկանում եմ, որ հետագայում, եթե նա չներկայանա իրավապահ մարմիններին, ես կընկնեմ քրեական պատասխանատվության տակ: Վստահությունս գալիս է իրեն ճանաչելուց և ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»,-ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը զրույցի վերջում նշեց, Արսեն Բաբայանին քաղբանտարկյալ չի համարում: