Բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում, բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը: ԶԼՄ-ները 38 մեծահասակների եւ մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին:
Ավելի վաղ Էսեքսի կոմսության ոստիկանությունում հայտնել են, որ բեռնատարի կցասայլը երկիր է ժամանել բելգիական Զեբրյուգե նավահանգստից: Քննիչների տվյալներով՝ բուն բեռնատարը ժամանել է Դուբլինից: Դրա վարորդը՝ Հյուիսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչը, ձերբակալված է սպանության կասկածանքով, սակայն, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հենց նա է ոստիկանություն կանչել՝ բեռնատարի ներսում հայտնաբերելով դիակները: Ոստիկանությունն ուսումնասիրում է երիտասարդի հնարավոր մեղսակցությունը Եվրոպա անօրինական միգրանտների փոխադրման գործում մասնագիտացող խմբավորների գործունեությանը: Հոկտեմբերի 23-ին ոստիկանությունը հայտնել է Էսեքսի կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում կայանված բեռնատարի կցասայլում 39 դիակի հայտնաբերման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: