ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ քրեական գործի նախաքննության ընթացքում պետբյուջե է վերականգնվել շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամի չափով գումար: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրին ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նշենք՝ թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին, սակայն Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար վերջինիս ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը' Ռուզաննա Բեգլարյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար: Նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին: Նախաքննությունը շարունակվում է:
2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսևորումներ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի և նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։