Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակում հարցազրույց է ունեցել BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդման շրջանակում, որի հաղորդավարն է Սթիվեն Սակուրը: Հարցազրույցը արտգործնախարարի համար իսկապես ծանր ստացվեց: Այսօր ողջ օրվա ընթացքում տարատեսակ քննադատություններ են հնչում Մնացականյանի հասցեին, շատերի կարծիքով վերջինիս ընտրած պաշտպանական մարտավարությունը թույլ էր և Հայաստանի ու Արցախի պետական շահը հավուր պատշաճի չեն պաշտպանվել: Այո, Մնացականյանը թերացավ մի շարք կարևոր հարցադրումների ժամանակ, մասնավորապես, նա այդպես էլ չհամարձակվեց կրկնել Փաշինյանի հայտնի թեզը՝ Արցախը Հայաստան է, և վերջ:
 
Մյուս կողմից հարց է՝ չկարողացա՞վ, թե՞ այդպիսին էր հենց հրահանգը: Քաղաքականության և հատկապես արտաքին քաղաքականության մեջ ոչինչ պատահաբար չի լինում, պատահականների շարքից չէր նաև արտգործնախարարի հարցազրույցը: Իրականում մենք այսօր ունենք մի պատկեր, երբ ԱԳՆ ղեկավարը չի հաստատել վարչապետի հայտարարությունները և ընդհանրապես՝ Արցախի շուրջ ՀՀ իշխանությունների վարվող քաղաքականության սկզբունքները: Փաստացի, եթե վարչապետը համաձայն չէ իր նախարարի հետ, ապա Մնացականյանը արդեն իսկ պետք է հեռացված լիներ զբաղեցրած պաշտոնից, սակայն իշխանությունները լռում են: Մնում է ենթադրել, որ ոչ միայն համաձայն են, այլ հենց իրենց հաշվարկն էր՝ հետ քայլ անել սեփական հայտարարություններից՝ զոհաբերելով նախարարին և վերջինիս վարկանիշը:
 
Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո համանախագահ երկրները Ադրբեջանի հետ համակարծիք դարձան՝ Հայաստանն է տորպեդահարում բանակցությունների հաջող ընթացքը: Այդ մասին օրերս ակնարկեց նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: Ի՞նչ է մնում անել Փաշինյանին, եթե ոչ հետ քայլ: Սակայն նա իհարկե չի կարող BBC-ի եթերում հայտարարել, որ նահանջում է և ընդունում է իրեն առաջարկվող խաղի կանոնները, քանի որ իր պոպուլիզմը իրեն և բանակցային գործընթացը մտցրել է փակուղի: Իհարկե, բարոյական տեսանկյունից Փաշինյանի առաջ քաշած թեզը ճիշտ էր, հատկապես երբ նմանատիպ թեզ գրեթե ամեն աստծո օր հնչեցնում է հարևան երկրի նախագահը: Սակայն եթե թեզ ես առաջ քաշել, ապա բարի եղիր այն առաջ տանել մինչև վերջ: Փաշինյանի ամենամեծ սխալը հենց երեկվա՝ Մնացականյանի միջոցով արված հետ քայլն էր, և ոչ թե Ստեփանակերտում հնչեցրած մեսիջները: Ընդ որում, երեկվա մեսիջները շատ ավելի վտանգավոր են և շատ ավելի բացասական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի և Արցախի համար: Ընդ որում ուշագրավ է, որ հարցազրույցից հետո կարծես հրահանգով գործի անցավ Փաշինյանի վերջին շրջանի ծանր հրետանին՝ Սասնա Ծռերը, ովքեր միանգամից քննադատեցին Մնացականյանին և պահանջեցին վերջինիս հրաժարականը: Ինչպես ասում են՝ մեղավորներն էլ արդեն գտնվել են…
 
Խնդիրը բնավ էլ նախարարը չէ. խնդիրը տարիներ շարունակ վարվող արտաքին քաղաքական գիծն է, որն այսօր շարունակում է Փաշինյանը: Եվ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ասել Մնացականյանը, այլ նաև այն, թե ինչ չի ասել և ինչ չի ասվել վերջին տարիների ընթացքում: Մասնավորապես նախարարը չփորձեց անգամ օգտագործել ամբիոնը խոսելու համար այն մասին, թե ի վերջո ինչն է դարձել հակամարտության առաջացման պատճառը, ինչ դրություն է այսօր ստեղծվել Հայաստանի շուրջ՝ աշխարհաքաղաքական առումով, չդատապարտեց Ադրբեջանի կողմից տարվող հակահայկական քաղաքականությունը և ագրեսիան, չկարողացավ կամ չցանկացավ հստակ արձագանքել հաղորդավարի այն պնդումներին, թե «վերջին 20 և ավել տարիների ընթացքում» հայկական զորքերն իբր ինչ-որ «շատ լուրջ խախտումներ» են գործել: Լռությունը  համաձայնության նշան է, անգամ մեծ քաղաքականության մեջ: