Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն սպասվում: Թերևս դա Փաշինյանի տված և կատարված միակ խոստումն է, սակայն արդյո՞ք ՀՀ-ն պահպանել է բալանսավորված հարաբերությունները աշխարհի ուժեղների հետ: Փաշինյանը ակնհայտորեն փորձում է մանևրել՝ մի կողմից սիրաշահելով ՌԴ-ին, մյուս կողմից փորձելով շահել ԱՄՆ-ի սիրտը՝ ֆինանսական լուրջ աջակցության ակնկալիքով: ԹԵ ռուսական կողմը, թե ամերիկացիները ունեն իրենց պատճառները՝ Փաշինյանին տրամադրվող օգնության հարցում ոտները կախ գցելու համար:
Արդյո՞ք պատահական է, որ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում և անում ԱՄՆ-ում սպասվող իր մինի-ցույցի անոնսը հենց այն պահին, երբ ՀՀ-ում վայրեջք էր կատարում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի օդանավը: Ակնհայտ է, որ սա բացահայտ մեսիջ է ամերիկյան կողմին, որպեսզի վերջիններս «չնեղանան» Փաշինյանից, իսկ նեղանալու առիթ կարող է հանդիսանալ թերևս այն, որ Պատրուշևի այցին ընդառաջ հայկական կողմը ձեռնպահ է մնացել Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած հերթական՝ «Agile Spirit-2019» զորավարժություններին մասնակցելու գաղափարից: «Նեղանալու» առիթները իրականում բազմաթիվ են՝ Ամուլսար, Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելը, հայտնի լաբորատորիաներ ռուս փորձագետների մուտքը արտոնելը, Բոլթոնի պլանից հետ կանգնելու մասին էլ չենք խոսում:
Փաշինյանը, իհարկե, փորձում է շտկել իրավիճակը, դրա մասին են վկայում ԱՄՆ գործուղված մեծաթիվ և ներկայացուցչական պատվիրակությունները, որոնք սակայն արդյունք չեն տվել. Վաշինգտոնը Երևանի արցունքներին չի հավատում: Այն, որ հայ-ամերիկյան հարաբերություններում մի բան այն չէ, կարելի է հասկանալ՝ անցկացնելով պարզ զուգահեռներ վերջերս Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Զելենսկու և Նիկոլ Փաշինյանի միջև: Զելենսկին արդեն սեպտեմբերին կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ, իսկ Փաշինյանը դեռ սպասում և սպասում է:
Ռուսները, ինչ խոսք, ևս ունեն նեղսրտելու առիթներ՝ սկանդալը ՀԱՊԿ-ում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած քրեական գործը, հանգամանքը, որ իմքայլականները հրճվում են Մոսկվայում ընդդիմության կազմակերպած ցույցերից: Այս հանգամանքը հատկապես է զայրացնում ռուսական կողմին, այն աստիճան, որ Մոսկովյան ցույցերում արդեն հայկական հետք են փնտրում: Հոկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան և, ըստ երևույթին, ռուսական կողմը մինչ այդ թայմ աութ է վերցրել՝ կողմնորոշվելու ժամանակ տալով Փաշինյանին:
Մի կողմից վարչապետը հայտարարում է, որ ՌԴ և ԱՄՆ հետ հարաբերությունները բնականոն զարգացում են ապրում, մյուս կողմից իր մանևրելով մատնում է հայկական կողմի անհանգստությունը՝ գերտերությունների հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ…