ԱՄՆ դեսպանատունը երկրորդ անգամ անդրադառնում է Հայաստանի սահմանադրական հանրաքվեին: Ընդ որում, հայտարարությունների տրամաբանությունը նույնն է. ամերիկացիներն, ըստ էության, փաստում են, որ հանրաքվեի ժամանակ տեղի են ունեցել կեղծիքներ՝ հասկացնելով, որ դրանք էական են եղել ու պահանջում են թափանցիկ հետաքննության անցկացում:

 

Երեկվա հայտարարությունն ավելի կոշտ շեշտադրումներ էր պարունակում: Վաշինգտոնը չի հավատում, որ Հայաստանում ընտրակեղծարարները պատժվում են, առնվազն՝ որոշակի թերահավատություն ունի: Համենայն դեպս, երեկ ընդհանուր բնույթի «եթե, ապա»-ների փոխարեն՝ հնչել է կոնկրետ նախազգուշացում ու դրա թիրախը Հայաստանի իշխանություններն են: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երեկ տարածած հայտարարության մեջ: Ամերիկացիներն, ըստ էության, ակնարկում են, որ կարգելափակեն իրենց ծրագրերը՝ կոնկրետ մարդկանց, պաշտոնյաների համար:

 

Վաշինգտոնը նման պատժատեսակ կիրառում է Ռուսաստանի հանդեպ, օրինակ՝ «Մագնիտսկու ցուցակը»: Հիմա ակնարկվում է «հայկական» ինչ-որ ցուցակի մասին, որում, ըստ ամենայնի, կհայտնվեն հիմնականում պաշտոնյաներ, ովքեր առնչություն են ունեցել ընտրակեղծիքների հետ կամ չեն նպաստել դրանց բացահայտմանը: Այդ մարդկանց մուտքն ԱՄՆ կարգելվի, կսառեցվեն նրանց բանկային հաշիվները և այլն:

 

Ռուսաստանն ունի ռեսուրսներ ու կարող է դիմանալ նման ճնշումներին, Հայաստանը՝ ոչ:

 

Ոմանք ասում են, որ ընտրությունները Հայաստանում միշտ են կեղծվել, ու հիմա ԱՄՆ-ն նման կոշտ արձագանք է ցուցաբերում, որպեսզի պատժի Հայաստանի իշխանություններին՝ արտաքին կողմնորոշման, այլ խոսքով՝ ինքնամոռաց ռուսասիրության համար:

 

Գուցե, սակայն կա նաև այն հանգամանքը, որ Հայաստանն իսկապես սպառել է անարդար ընտրությունների լիմիտը, ու Վաշինգտոնը կտրուկ միջոցների է դիմում, որովհետև վտանգվում են տարիներով իրականացրած նրա ծրագրերը: Ի վերջո, հնարավոր է՝ ԱՄՆ-ն փորձում է երկու խնդիր լուծել՝ պաշտպանել հայկական դեմոկրատիան կամ դրա սաղմերը, միևնույն ժամանակ՝ առաջ է տանում իր աշխարհաքաղաքական կողմնորոշումները:

 

Հավատացե՛ք՝ դրանից խնդրի էությունը չի փոխվում:

 

2017-ին Հայաստանի իշխանությանն առաջարկվում է անցկացնել օրինական ընտրություններ կամ էլ համակերպվել այն իրողության հետ, որ կարող են տեղի ունենալ հուզումներ, որոնց հանդեպ Արևմուտքն առնվազն լոյալ կլինի:

 

Իհարկե, սա բնավ չի նշանակում, որ ամեն բան գնալու է ամերիկյան սցենարով: Շատ հնարավոր է՝ Հայաստանի իշխանություններն անցկացնեն հերթական «մենթալիտետային» ընտրությունները, սակայն դրանց գինը լինելու է կախվածության ավելի մեծացումը Ռուսաստանից:

 

Ամեն դեպքում՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու՝ ոչ միայն նոր իշխանության բովանդակությունը որոշելու, այլ նաև մեր ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հարաբերություններն հստակեցնելու հարցերում:

 

Սուրեն Սուրենյանց