Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնեց, որ իր և ընտանիքի մյուս անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են և նրանք, չնայած որևէ գանգատ չունեն, փաստորեն վարակակիր են:
Այս լուրը կարծիքների բախում առաջացրեց հանրության մոտ: Վարչապետի ընտանիքին առողջություն մաղթողներից բացի, եղան նաև մարդիկ, որոնք կասկածեցին Փաշինյանի հայտարարության ճշմարտացիության վրա: Նրանց մեծ մասը պնդում է, որ սա հերթական սուտն է, գուցե նաև հանրությանը սթափեցնելու հերթական միջոցը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից փորձեց ստանալ վարչապետի թեստի պատասխանի լուսանկարը, սակայն խոսնակը մերժեց՝ պնդելով, որ այն մարդու անձնական-բժշկական տվյալ է, որը չի կարելի հանրայնացնել: Մեր այն պնդմանը, որ խոսքը վերաբերում է երկրի ղեկավարին, Գևորգյանը հակադարձեց՝ ինչ կապ ունի՝ ում է վերաբերում խոսքը, իմաստ չկա հանրայնացնելու:
Նա նաև նշեց, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ «Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։ Վարչապետի ինքնազգացողությունը լավ է»։
Կապ հաստատեցինք նաև Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով նույնպես հրաժարվեց տվյալներ տրամադրել՝ պատճառաբանելով, որ հարկ չեն համարում մարդու անձնական-բժշկական տվյալները տրամադրել: