Ես չեմ ուսումնասիրել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատման դիմումին տրված բացասական եզրակացության հիմքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Պրոբացիոն եւ Քրեակատարողական ծառայությունների բացասական եզրակացությանը։
«Հայտնի են օրենսդրությամբ սահմանված չափանիշները, թե ինչի հիման վրա են այս կամ այն եզրակացությունը տալիս: Այդ մարմինները տվել են բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ մենք այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի ուղարկվի դատարան, կա բողոքարկելու որոշակի ժամկետ: Ամեն դեպքում այս փուլում Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից հարցն այլեւս դուրս է»,-նշեց նա:
Հարցին, թե Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյաննն այցելել էր Նաիրի Հունանյանին, ինքը ցանկություն չունի՞ անձամբ հանդիպել Հունանյանի հետ, Բադասյանը պատասխանեց․ «Ոչ մի ցանկություն չունեմ հանդիպելու»։
Դիտարկմանը, թե արդյոք չի կարծում, որ Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ տալ, նախարարը պատասխանեց․ «Եթե Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկատվություններ հայտնել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»: