Փակագծեր բացել չեմ կարող, այն կբացի հավանաբար քննությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով հիվանդանոցներից մեկում ՄԻԱՎ-ով վարակված երեխայի դեպքին։
«Ունենք ցավալի դեպք, որ երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, նա բուժում է ստանում և փորձում ենք առողջությունը վերականգնել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա, մնացած մանրամասները քննությունը կպարզի»,-ասաց Թորոսյանը։
Հարցին, թե որ բուժկենտրոնում է դեպքը տեղի ունեցել, Թորոսյանն նշեց, որ իրեն հայտնի չէ։
«Երեխան բազմաթիվ բուժկենտրոներում հետազոտություն է անցել և պետք է պարզել, թե որ բուժկենտրոնում է նա վարակվել»,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ հնարավոր է, որ դեպքը բուժկենտրոնում տեղի չի ունեցել։
Առողջապահության նախարարը նշեց, որ իրենք աշխատում են բոլոր այն բուժկենտրոնների հետ, որտեղ երեխան հետազոտություն է անցել։