Արդեն մի քանի օր է հանրության ուշադրության կենտրոնում թափառող շներն ու Կենդանաբանական այգու կենդանիներն են: Այգում տիրող իրավիճակի, կենդանիների անվտանգության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ:
«Շների ոհմակային կուտակումներ մեր քաղաքում միշտ եղել են: Այն է խնդիրը, որ հենց այդ հատվածից՝ Կենդանաբանական այգուց, չեն եղել ահազանգեր: Թեպետ չի բացառվում, որ թափառող շներ այդ հատվածում նախկինում նույնպես եղել են: Ոհմակային կուտակման դեպքում, անկախ շների չափից ու քանակից, ոհմակը կարող է լինել վտանգավոր: Ոհմակային հարձակում կարող է լինել ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկաց վրա: Արդյունքում՝ կարող են պատճառել լուրջ վնասներ»,-նշեց նա:
Ըստ Արամյանի՝ այս պարագայում շատ ճիշտ է, որ փորձաքննության տեսանկյունից հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել. «Թե ինչ է իրականում եղել՝ ցույց կտա միայն փորձաքննությունը, քանի որ միայն դրանից հետո կկարողանանք հասկանալ, թե կենդանիները ինչ վնասներ են ստացել և ում կողմից են հասցվել այդ վնասները: Հիմա ստիպված ենք սպասել, մինչև սպանված կենդանիների դիակների ուսումնասիրության արդյունքները հրապարակվեն»:
Արամյանը կարծում է, որ այս պատմությունը կարող է ինչպես պատահականություն լինել, այնպես էլ՝ միտումնավոր, պայմնավորված մարդկային գործոնով. «Հնարավոր է՝ դա կազմակերպված լիներ մարդկանց կողմից և շները որպես զենք են օգտագործվել: Ցավոք, բայց դա էլ է հնարավոր: Ես վստահ եմ, որ լուրջ աշխատանք պետք է տարվի հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ու ավելի քան համոզված եմ, որ այս իրավիճակը չպետք է կրկնվի»:
Անդրադառնալով կենդանիների վնասազերծման թեմային՝ Արամյանը նշեց, որ այսպես կոչված վնասազերծումն իրենցից մասսայական ոչնչացում չի ենթադրում. «Դրանք պատվաստումներն են և ստերջացումը: Իրականում, այս ամենը վերահսկելու ուրիշ տարբերակ չկա: Շներին պատվաստում են, ստերջացնում ու վերադարձնում փողոց»: